Արցախցիները 40+10 հազարական դրամի աջակցությունը կստանան առնվազն մինչև 2024-ի մարտը ներառյալ. նրանց թիվը 41 500 է

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում ընդունել է որոշում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ:

Որոշման շրջանակում նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 000 քաղաքացիների 6 ամիս ժամկետով (2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. մարտը ներառյալ) սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 40 000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:

Որոշման շահառու հանդիսացող շուրջ 41 500 անձանց նոյեմբեր ամսվա սոցիալական աջակցության գումարը (40000+10000) տրամադրելու համար պետբյուջեից կհատկացվի 2,075,000,000 դրամ:

Մեկ այլ որոշմամբ էլ պետբյուջեից կհատկացվի 1,705,850,000 դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված՝ շահառու հանդիսացող 37000 անձանց նոյեմբեր ամսվա սոցիալական աջակցության գումարը՝ 50 000 դրամ, տրամադրելու համար:

Գործադիրը փոփոխություններ է կատարել միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառու հանդիսացող անձանց առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության տրամադրման կարգում:

Ըստ այդմ՝ առաջարկվում են կարգավորումներ, որոնք կբացառեն շահառուի՝ իրենից անկախ պատճառներով սոցիալական աջակցության գումարը չստանալը: Մասնավորապես առաջարկվում է, եթե աջակցություն ստանալու դիմումը մերժվում է տվյալները 100 000 դրամ միանվագ դրամական աջակցության միջոցառման շահառուների ցուցակում առկա չլինելու հիմքով, ապա 2023 թ. ընթացքում նոր դիմում ներկայացնելու և հաստատվելու դեպքում աջակցության գումարը շահառուին վճարել չստացած ամսվանից, իսկ եթե դիմումը մերժվել է ՀՀ-ից բացակայելու հիմքով և ներկայացվել է նոր դիմում, որը հաստատվել է, ապա ամսական դրամական աջակցությունը վճարել նաև նախորդ ամսվա համար՝ ՀՀ-ից 10 օրից պակաս բացակայելու դեպքում: