Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Կապանի ԲԿ, հետաքրքրվել ավտոբուսի վթարից տուժածների վիճակով

Այսօր ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ:

Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես մեկնել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության անձնակազմերը օպերատիվորեն հասել էին դեպքի վայր ու տեղափոխում էին վիրավորներին։

Վթարի վայրում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

Վիրավորների տեղափոխումից հետո հյուպատոսն այցելեց Կապանի ԲԿ ու մարզպետի հետ շրջեց վիրավորների հիվանդասենյակներում․ պաշտոնյաները հետաքրքրվեցին նրանցից յուրաքանչյուրի վիճակով, առողջության ու այլ հարցերի հետ կապված առաջնային կարիքներով։

Ըստ ականատեսների՝ ավտոբուսում 25-26 ուղևոր էր եղել։

Նրանց մի մասն առանց վնասվածքների էր ու հրաժարվել է հետագա բժշկական օգնությունից։

Կապանի ԲԿ էր տեղափոխվել 11 վիրավոր (որոնցից 3-ի վիճակն է գնահատվում ծանր) և մեկ զոհի աճյուն։

Մորթեզա Աբեդինը շնորհակալություն հայտնեց իրենց քաղաքացիներին օպերատիվորեն ու կազմակերպված օգնություն ցույց տալու համար։

Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

Զոհերի թիվը ճշտվում է։