Մեր ձեռքերին արյուն չկա, թող հանկարծակի իրենց հետ չխառնեն․ Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին

Գիտեք, երբ իրենց ընտանիքի կողմից վճարվող մարդիկ են նման բաներ ասում, ես մտածում եմ, որ դա պատվեր է, որ կատարում են, բայց երբ ինքը անձամբ գալիս է և դժբախտ պատահարը ներկայացնում է որպես արարք, դա առնվազն սազական չէ մարդուն, ով քաղաքականությամբ զբաղվելու հավակնություններ ունի։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ Փաշինյանին ուղղված հարցին, որը վերաբերում էր Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած հայտնի վթարին։

«Վարչապետը ո՛չ մեքենա է վարել, դա ո՛չ նրա մեքենան է եղել, ո՛չ ինքն է նման հրաման տվել՝  տարբերություն հայտնի դեպքերի։ Ո՞նց կարելի է այդ դժբախտությունը բերել փորձել վերագրել  իշխանությանը, դա  ցածր ու տգեղ բան է։  Կարծում եմ, որ հետագայում իրենք իրենց չպետք է թույլ տան նման բան անել։

Դժբախտ պատահար է տեղի ունեցել, որից հետո վարչապետն անձամբ զանգահարել է ընտանիքի ներկայացուցիչներին, ցավակցել է, ներողություն է խնդրել, ոնց կարելի է այդպիսի բան անել։ Ցածր բան է նման համեմատություն անելը։ Եթե իրենք դրանով փորձում են այս դեպքի ու այն արարքների միջև, որ հանրությունը առնվազն  իրենց է մեղսագրում, հավասարության նշան դնել, ապա ապարդյուն է, թող չփորձեն։ Մեր ձեռքերին արյուն չկա, թող հանկարծակի իրենց հետ չխառնեն»,- ասաց Սիմոնյանը։