Ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ավարտից. ԲՏԱ նախարարը ռուսական հեռուստաալիքների փակման մասին

«Փակման հարց դեռ չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ավարտից»,- կառավարության մուտքի դիմաց ճեպազրույցում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ պատասխանելով Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հնարավորության մասին հարցին։

Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ խորհրդակցություններ պետք է անցկացվեն։

«Պետք է հանդիպենք, քննարկենք։ Օրը, ժամը դեռ հստակեցրած չէ։ Լրացուցիչ կհրապարակենք։ Խախտումները բոլորն արձանագրված են, տեղում որ հանդիպենք, ավելի առարկայական կխոսենք»,-հայտարարեց նախարարը։

Նա հավելեց, որ Հայաստանի նախաձեռնությամբ ռուսական կողմի հետ խորհրդակցություններն այս տարի են կայանալու Երևանում և օրակարգում համաձայնագրի կետերի պահպանումն է։

Նախարարը չցանկացավ մեկնաբանել տարբեր շրջանակների կողմից հնչող` ռուսական ալիքների փակման պահանջը՝ հայտարարելով, թե քանի դեռ խորհրդակցությունները չեն կայացել, ինքը ոչինչ չի կարող ասել։