ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերեվարված ԼՂ նախկին ղեկավարներին, սրիկայություն է, անբարոյական կեցվածք․ Լևոն Զուրաբյան

«ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերեվարված Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում՝ նաև Ռուբեն Վարդանյանին»,- այսօր  հրավիրված հրատապ ասուլիսին հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«ԼՂ նախկին ղեկավարների ճակատագրի համար նրանք որևէ գործ չեն անում, որևէ պահանջ չեն ներկայացնում Ադրբեջանի իշխանություններին: Նիկոլ Փաշինյանն ինչու պետական մակարդակով չի պահանջում այդ մարդկանց ազատումը: Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը համատեղ են աշխատում, Ալիևն այսօր օգնում է Փաշինյանին: Նա իր քաղաքական հակառակորդներից ում կարողանում է՝ Հայաստանում է բանտարկում, մի մասին էլ Ալիևն է իր վրա վերցրել», – նկատեց նա։

Ավելին, ըստ նրա, այս իշխանություններն անբարոյական կեցվածք են դրսևորում այն հարցերում, որոնք վերաբերում են Ռուբեն Վարդանյանին՝ նկատի ունենալով Ալավերդիում «Ապրելու երկիր» կուսակցության և ՀԱԿ դաշինքի միջոցով ընտրված քաղաքապետին շանտաժների միջոցով անվստահության գործընթաց սկսելը։

«Հաշվի առնելով այս հանգամանքը, այսօր իրենք գոնե մի քիչ համերաշխության դրսևորում ունենային, և այս կեղտոտ և ստոր ծրագիրն ինչ-որ չափով «ստոպ» անեին, չգնային առաջ։ Սա սրիկայություն է, անբարոյական կեցվածք է։ Այն նվաճումը, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ամբողջ աշխարհին, մեր հանրությանը, իբր, ժողովրդավարության առումով ունենք նվաճումներ, սա բացարձակ կեղծիք է, այս իշխանություններն իրենց կեցվածքով ցույց են տալիս, որ պատրաստ չեն ընդդիմադիր որևէ իշխանությանը հանդուրժել ՀՀ-ում»,-ասաց նա։