ՔՊ-ն որոշել է խլել իշխանությունը համայնքներում. անձամբ Պապիկյանն է կոորդինացնում. Լևոն Զուրաբյան
Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ՔՊ նիստ, որում քննարկվել են, թե ինչպես կարող են խլել իշխանությունը այն ընդդիմադիր համայնքապետներից, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին հրատապ ասուլիսում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Ալավերդու համայնքապետի շուրջ ծավալվող գործընթացներին:
«Մասնավորապես Ալավերդու հարցը եղել է այդ քննարկված հարցերից մեկը և որոշում է ընդունվել, որ ահա ժամանակն է վճռական գրոհի համար, Ալավերդու համայնքապետի պաշտոնն ի վերջո ընդդիմությունից խլվի: Եվ շատ կոնկրետ որոշում է ընդունվել, որ Ալավերդիում պետք է անվստահություն հայտնեն գործող քաղաքապետին: Ես կասեի, որ այս գործունեությունը այնքան ընդգծված բնույթ է ստացել, որ այսօր ՀՀ-ում գործում է ոչ թե ԿԸՀ, այլ ընտրապատժիչ հանձնաժողով, այսինքն ԿԸՀ-ն աշխատում է ՔՊ-ի ղեկավարությամբ և կոորդինացիայով՝ իմ ասած այս ճնշումները գործադրելու համար: Ես նույնիսկ կասեի ռազմապատժիչ ընտրական հանձնաժողով, որովհետև այս արշավին միացել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որն անձամբ իրականցնում է այդ ճնշումների կոորդինացիան, շատ դեպքերում օգտագործելով պաշտպանության նախարարության և ընդհանրապես բանակի ռեսուրսները այդ ճնշումները իրականացնելու նպատակով»,-ասաց նա:
Զուրաբյանը նշեց, որ այս մեթոդը միայն Ալավերդիում չի տեղի ունենում, նույն մեթոդը կիրառվել է նաև Վանաձորում՝ համայնքապետի նշանակելով քրեական հեղինակությանը։ Նմանատիպ ճնշումները գործադրում են Վարդենիսում, որտեղ նորից ընդդիմադիր քաղաքապետ կա, իսկ Թալինում արդյունքը նրանք նոր ընտրությունների գնացին , քանի որ արդյունքն իրենց համար գոհացուցիչ չէր: Զուրաբյանի խոսքով՝ Երևանում ևս նույն պատկերն է՝ ռազմապատժիչ ղեկավարի միջոցով։
Զուրաբյանը նշեց, որ երկու ամիս առաջ Սահմանադրական դատարանը որոշեց, որ Մամիկոն Ասլանյանը կարող է ընտրվել, ինչից հետո ՔՊ-ն վարում է բանակցություններ Ասլանյանին հավաքագրելու համար, ինչին վերջինս չի համաձայնում:
Զուրաբյանը հավելեց որ մեր երկրի անվտանգությունը, Արցախը տապալած իշխանությունները, այնուամենայնիվ սիրում է խոսել այն մասին, որ ունեն շատ լուրջ նվաճումներ, սակայն դա իրականում այդպես չէ:
«Տնտեսության մասին իրենց գովաբանումները կարծում եմ, որ լրիվ անհիմն են, որովհետև դա իրենց քաղաքականության հետ որևէ կապ չունի: Անվտանգության և տնտեսության ոլորտում մեր իշխանությունը լրիվ տապալված իշխանություն է, և որպես հաղթաթուղթ մեր իշխանությունը միշտ ներկայացրել է իր այսպես կոչված նվաճումները ժողովրդավարության հարցում, այսինքն իբր թե Հայաստանում հարգվում է ժողովրդի կամքը, ընտրություններ են անցկացվում, ընտրություններում հաղթած մարդիկ, այդ թվում նաև ընդդիմության ներկայացուցիչները իբր թե թույլատրվում է նրանց կառավարել և ղեկավարել առնվազն տեղական ինքնակառավարման մարմիններում, սակայն իրականում այդպես չէ»,- ասաց նա։: