Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործը ծածկադմփոց է արվել․ քննությունից դժգոհ են և տուժողները, և ամբաստանյալները

Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորական վաշտի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի գործի քննությունից դժգոհ են թե՛ տուժող, թե՛ պաշտպանության կողմերը։ Նրանք իրենց անվստահությունն են հայտնում գործի քննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազներին և այժմ՝ արդեն դատալսումների ընթացքում բարձրացնում հանրային մեղադրողներին բացարկ հայտնելու հարցը։ Դատախազին բացարկի միջնորդությունը ներկայացրել է մեղադրյալ Մառլեն Սարգսյանը՝ հայտարարելով, որ նախաքննության ընթացքում քննիչը և դատախազը գործը կոծկել են, իրեն զոհ տալով՝ նպատակ են հետապնդել որոշ անձանց զերծ պահել պատասխանատվությունից։

«Ես ողբերգության հետ առնչություն չունեմ։ Բացի այդ, միջնորդում եմ, որ Եղիշե Հակոբյանին առանձին նստացնեն ինձնից, տեղափոխեն առանձին մեքենայով»,- հայտարարեց ամբաստանյալը։

Մառլեն Սարգսյանը նաև արձանագրել էր, որ քննիչը, ում հանձնարարվել էր քննությունը, դիտավորյալ խեղել էր փաստերը, քանի որ ունի անձնական հարաբերություններ, ավելին, որպես ապացույց գործի մեջ ներգրավել էր հրամանը, որից էջեր են բացակայել, ինչով պայմանավորված՝ իրեն մեղադրանք են առաջադրել՝ նշելով, որ պատասխանատուն ինքն է եղել։ Ամբաստանյալի ներկայացրած բացարկի միջնորդությանը միացավ նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը՝ դժգոհություն հայտնելով գործի քննությունից, ավելին, պնդեց, որ գործը ծածկադմփոց է արվել, դատախազությունը ոչ միայն չի կարողացել քրեական գործի շրջանակներումում լինել իր բարձունքում, այլ առնվազն տապալել է գործի իր պարտականությունների կատարումը։ Հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը և Գոհար Ադոնցն առարկեցին միջնորդության դեմ։ Դատարանը մերժեց բացարկի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։

 

Աղբյուր՝ pastinfo.am