Սեպտեմբերի 15-ի դրությամբ բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը եղել է ընդամենը 47 տոկոս. Թադևոս Ավետիսյան

Սեպտեմբերի 15-ի դրությամբ, տարվա սկզբից հաշված բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 47 տոկոս, այսինքն 53 տոկոս թերակատարվել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Մասնավորապես, այդ ժամանակահատվածի համար նախատեսված է եղել 411 մլրդ դրամ ծախս, որից կատարվել է ընդամենը 154 մլրդ դրամի ծախսը: Իսկ տնտեսական հարաբերությունների ոլորտում կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 36 տոկոս, այսինքն նախատեսվածի 64 տոկոսը չի կատարվել: Ինչով է պայմանավորված շեշտակի ցածր կատարողականը:

Երկրորդ հարցը. արդյոք այն թիրախը, որ դրվել է տնտեսական աճի ապահովման և հարկային մուտքերի ապահովման մասով, արդյո՞ք այս տնտեսական ոլորտի ծրագրերը հաշվարկված ու գնահատված են, որքա՞ն է ռիսկը, որ թիրախավորված մակրոցուցանիշները 2024-ի համար կարող են չկատարվել»,-ասաց նա:

Ի պատասխան՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ կապիտալ ծախսերի այս տարվա կատարողականը շատ չի շեղվել նրանից, ինչ ունեցել ենք նախորդ տարի. «Սա որոշակի համակարգային խնդիրների շարքին է դասվում, որ առաջին երեք ամիսներին ունենում ենք նախատեսվածից ցածր կատարողական և հետո 4-րդ եռամսյակում ունենում ենք ծախսերի զգալի ավելացում:

«Ինչ վերաբերում է տնտեսական աճին և դրա հետ կապված ռիսկերին, այո, կան ռիսկեր, դրանք պայմանավորված են ներքին և արտաքին տարբեր գործոններով: Այդ ռիսկերի վերաբերյալ մենք ունենք գնահատականներ, թե դրանց ի հայտ գալու հնարավորությունն ու մասշտաբը ինչպիսին է: Դրա համար պլանավորել ենք ունենալ պահուստ՝ բարձիկ: Այսինքն պլանավորել ենք եկամուտներ, սակայն դրանք չենք բաշխել՝ նկատի ունենալով, որ եթե հանկարծ լինեն հարկերի հավաքագրման հետ կապված խնդիրներ, այդ պահուստի միջոցները ուղղակի կնվազեցվեն և չի լինի այնպիսի իրավիճակ, որ մենք խոստացած կլինենք գումար տրամադրել որևէ ուղղությամբ ու դրա փողը չենք ունենա: Այդ ռիսկերի մեջ կարող է լինել դրամի արժեզրկումը, տնտեսական աճի ոչ բավարար մակարդակը, տարբեր արտաքին շոկերը, որոնք կարող են ազդել մեր արտահանման, հիմնական ռեսուրսների գների վրա: Մենք ունենալու ենք 100 մլրդ դրամից ավելի պահուստային ֆոնդ»,-ասաց նախարարը: