Պարեկային ոստիկանության հիմնադրման համար ծախսվել է 29 մլրդ դրամ. Փաշինյանը՝ Արարատի Պարեկային ծառայության աշխատանքի մեկնարկին

Նիկոլ Փաշինյանն Արտաշատում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Կառավարությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արտերկրի դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք:

Ն. Փաշինյանը շնորհավորել է Արարատի մարզի բնակիչներին՝ Պարեկային ոստիկանության նորամուտի առիթով և հույս հայտնել, որ ծառայության աշխատանքին զուգընթաց նրանք իրենց ավելի պաշտպանված կզգան։

«Ուզում եմ շեշտել, որ Ոստիկանության բարեփոխումների առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պաշտպանվածության ավելի մեծ զգացումով օժտելն է։ Ընդ որում, Պարեկային ոստիկանության մինչև այս պահի ծառայությունն այդ հետևությանն է մեզ բերում, որ իսկապես սա կարգախոս չէ, որովհետև Պարեկային ոստիկանության հիմնադրմամբ մենք քաղաքացի-ոստիկանություն հարաբերությունների որակն ենք նաև ցանկանում փոխել։

Եվ ուզում եմ ընդգծել բարեվարքության կարևորությունը։ Շատ կարևոր է, որ պարեկային նոր ծառայողներն արդեն իսկ ձևավորված իմիջը որևէ կերպ չխաթարեն և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ամրապնդեն օրենքի գերակայության, օրենքի առաջ բոլորի հավասարության զգացողությունը, որովհետև սրա վրա է կառուցվում պետությունը և պետականությունը։ Եվ մենք սրա մասին որևէ պահ չպետք է մոռանանք։

Ես ուզում եմ արձանագրենք նաև մեր ամենօրյա աշխատանքում Պետություն-Հայրենիք հասկացությունների նոր ընկալումը, որովհետև մեր ընկալմամբ Պետությունը Հայրենիքն է, Հայրենիքը` Պետությունը։ Եվ եթե որևէ մեկը սիրում է իր Հայրենիքը, ուրեմն Հայրենիքը սիրելու իր զգացումը պետք է արտահայտվի Պետությունն ուժեղացնելով, պետական ինստիտուտներն ուժեղացնելով։ Մենք Պարեկային ոստիկանության հիմնադրմամբ ահա շատ կարևոր մի ինստիտուտ ենք ներդնում, որով ամրապնդում ենք մեր Պետությունը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Պետությունը միայն պաշտոնյան չէ, պետությունը քաղաքացին է, իրավակարգը, մարդկանց իրավունքները, անվտանգությունը, սեփականությունը, արժանապատվությունը պաշտպանելու այդ գործիքակազմի ամբողջությունն է։

Նա շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին Պարեկային ոստիկանության հիմնադրման հարցում Կառավարությանն աջակցելու համար։ «Պարեկային ոստիկանության հիմնադրման համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 29 մլրդ դրամ։ Այդ 29 մլրդ դրամից 20 մլրդը ծախսվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 6 մլրդը տրամադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, 3 մլրդը` Եվրամիության։ Ցանկանում եմ մեր գործընկերներին և Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել այս գործընթացն իրականություն դարձնելու համար։

Փաշինյանը հայտնել է, որ  առաջիկայում Պարեկային ոստիկանությունում նոր ընդունելություն է  կազմակերպվելու` 300 նոր ծառայողով համալրվելու համար: Այդ 300 ծառայողների շուրջ 80 տոկոսը լինելու են կանայք։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Պարեկային ոստիկանությունում ծառայող կանայք իրենց անձնվեր աշխատանքով, օրինակով կքաջալերեն նաև մյուսներին, որովհետև, նրա խոսքով, կարևոր է, որպեսզի ընդհանրապես Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը մեծանա։