Գուրգեն Արսենյանը հաստատեց, որ ներկայացվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի՝ իր թեկնածությունը

Որևէ մեկին որևէ պաշտոնում նշանակելու առաջարկ անելու համար նախ այդ թեկնածուն  անցնում է հայկական ընթացակարգով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու առաջարկին։

«Ո՞նց եք կարծում,  առանց ինձ առաջարկ անելու՝ գաղտնի իմ թեկնածությունն ուղարկել են ՌԴ, որից հետո ՌԴ-ն, եթե ասի՝ ես համաձայն եմ, նոր ես պետք է որոշեմ՝ գնալու եմ, թե՞ ոչ»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ ձեզ դեսպան նշանակվելու առաջարկ արվե՞լ է, պատգամավորն արձագանքեց. «Ո՞նց կարող է առաջարկ չարվի, եթե իմ փաստաթղթերն այս պահին գտնվում են ՌԴ-ում»:

Սակայն Գուրգեն Արսենյանը ապատեղեկատվություն որակեց այն լուրը, թե ՌԴ մերժել է իր թեկնածությունը այդ երկրում նոր դեսպանի պաշտոնում։ «Չունեմ պարզաբանում, որովհետև ապատեղեկատվության պարզաբանումով ես չեմ զբաղվում»,– ասաց նա։

Հիշեցենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Ռուսաստանի Դաշնությունում որոշում են ընդունել մերժել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի ագրեմաններն իբրև ՌԴ-ում ՀՀ դեսպան։