Արցախի ռազմաքաղաքական ութ գործիչներին ադրբեջանցիների կողմից առևանգելու փաստով ՔԿ-ում վարույթ է իրականացվում երեք հոդվածով․ «Փաստինֆոն»

ՀՀ իրավապահներն ադրբեջանցիների կողմից Արցախի ռազմաքաղաքական ութ գործչի ապօրինաբար ազատությունից զրկելու դեպքերը որակել են որպես առևանգում ու քննություն է իրականացվում։  Գրում է «Փաստինֆոն»։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիներն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-ին սանձազերծեց ռազմական ագրեսիա՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, որոնց տարհանելու հնարավորություն ուղղակի չկար։ Մեկ օր կատաղի դիմադրություն ցույց տալուց հետո՝ Արցախի իշխանությունները պարտադրված ընդունեցին կրակը դադարեցնելու ադրբեջանական պայմանը, այն է՝ լուծարել ՊԲ-ն ու սկսել ինտեգրացիա։ Ավելին, Բաքուն ներկայացրել էր նաև ցուցակ՝ Արցախի Հանրապետության կայացման գործում դերակատարում ունեցող անձանցից բաղկացած՝ պահանջել էր նրանց հանձնել, ըստ էության՝ դա սահմանելով խաղաղ բնակչության փրկագինը։ Հաշված օրերի ընթացքում Արցախը հայաթափվեց ու ավելի քան 100.000 հայ գաղթեց Հայաստան։ Սեպտեմբերի 27-ին Արցախից ՀՀ տեղափոխվելու ընթացքում ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետից առեւանգվել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդայանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանի, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Քննչական կոմիտեին՝ պարզելու, թե արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնվել է Արցախի նախկին և ներկա ութ պաշտոնյաների գերեվարման դեպքերով։ Մեկ էլ այլ հարցադրմամբ փորձել էինք պարզել, թե արդյո՞ք քրեական վարույթ կա նախաձեռնված՝ օգոստոսի 27-ին Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետից Ադրբեջանի կողմից երեք երիտասարդի՝ Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի, Լևոն Գրիգորյանի առևանգման, նրանց նկատմամբ Ադրբեջանում բռնություն գործադրելու դեպքի առթիվ և արդյո՞ք երիտասարդներն արդեն տուժող ճանաչվել են։ ՔԿ-ից հայտնել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է նաև առևանգման հատկանիշներով։

«ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ-ում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2022թ․ դեկտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցնք ապօրինի շրջափակելուց սկսած, ինչպես նաև՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ազգային, էթնիկ կամ կրոնական խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատալով այդ խմբի անդամներին սպանելու, նրանց առողջությանը ծանր վնաս կամ հոգեկան լուրջ խեղում պատճառելու կամ այդ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ բռնությամբ տեղահանելուն ուղղված միջոցներ իրականացնելու, մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց դեմ ուղղված լայնածավալ կամ կանոնավոր հարձակման շրջանակներում սպանություն, բնաջնջում, ինչպես նաև՝ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով առևանգում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով (ցեղասպանություն), 135-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (Քաղաքացիական անձանց դեմ ուղղված լայնածավալ կամ կանոնավոր հարձակման շրջանակներում սպանությունը) և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով (մարդուն առևանգելը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ՝ կապված իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, ռասայական, ազգային, էթնիկ, քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված ատելության, թշնամանքի շարժառիթով և զենքի գործադրմամբ) նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն»,- նշել են ՔԿ-ից՝ զերծ մնալով այլ մանրամասներ հայտնելուց՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը։