Արտագաղթը մեծ թափ է հավաքել հատկապես Գեղարքունիքում ու Սյունիքում. Ավելի քան 52 հազար բնակիչ հեռացել է

2022 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական արդյունքները խիստ մտահոգիչ պատկեր են բացահայտել՝ սահմանամերձ բնակավայրերից մարդիկ հեռանում են։

Այսպես՝ Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար 731 մարդ:

2011թ․Հայաստանում անցկացված մարդահամարի համեմատությամբ ՀՀ-ում նվազել է ինչպես առկա, այնպես էլ՝ մշտական բնակչության ցուցանիշը։ Նախնական արդյունքների համաձայն՝ 2011թ․մարդահամարի համեմատությամբ առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը՝ ըստ հաշվառման պահի, նվազել է 182 333 մարդով, իսկ մշտական բնակչությանը՝ 86 123 մարդով։

Ընդ որում, առավելապես նվազել է գյուղական բնակչությունը՝ 46 748 մարդով։ Խնդրահարույցը հատկապես սահմանամերձ դարձած համայնքներում տիրող պատկերն է՝ 2011-2022թթ ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակչությունը նվազել է մոտ 25 հազարով, որից 19 հազարը՝ գյուղական համայնքներից, իսկ Սյունիքի մարզի բնակչությունը նվազել է 27 հազարով։

Աղբյուր` Փաստինֆո