Փաշինյանի խոստովանությունը, որին ոչ ոք այն ժամանակ ուշադրություն չդարձրեց

Գաղտնիք չենք բացահայտի, եթե ասենք, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կտրուկ տարբերվում է ներկայումս վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանից՝ թե իր հռետորաբանությամբ, թե գործունեությամբ և թե ցոփ ու շվայտ կյանքով։ Եվ այսօր իշխանություն ունեցող Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին դատափետում էր ընդդիմադիր Փաշինյանը և արժանանում հանրության համակրանքին։ Խոսքերս փաստող շատ ապացույցներ կան, բայց այսօր ներկայացնենք դրանցից մեկը։

2017 թ մայիսի 30-ին, երբ դեռ կար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը իր ողջ գործառույթով հանդերձ՝ օրինագծերի բաց քննարկում ընդդիմադիրների հետ համատեղ, ընդդիմադիր գործիչների կարծիքների լսում և փոխադարձ հարգանքի պահպանում և այլն, հերթական հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ինչպես միշտ փայլեց իր «հայրենասեր» պոպուլիստական կեցվածքով․

«Տիկնայք և պարոնայք, դուք բոլորդ ականատես էիք, որ մենք էստեղ շատ հանգիստ աշխատանքային մթնոլորտում հարց ենք քննարկում, հարցեր ենք տալիս, շահագրգիռ քննարկում է և հանկարծ անհասկանալիորեն «Հանրապետական» խմբակցության անդամ պատգամավորն էս ամբիոնին է մոտենում և «ԵԼՔ» խմբակցության պատգամավորի հարցին մեկնաբանելով սկսում է էդ բանը՝ Թուրքիա, Ադրբեջան։ Լավ, ընդհանրապես հանրապետականներին խորհուրդ եմ տալիս էդ Թուրքիա, Ադրբեջան տերմինաբանությունն ընդդիմությանը հակազդելու համար չօգտագործել, որովհետև մի անգամ արել եք, ամեն անգամ, երբ որ դուք խոսեք Թուրքիայի և Ադրբեջանի մասին, ես ձեզ հիշեցնելու եմ, որ դուք միակ իշխանությունն եք, որ զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանին տարածքներ եք զիջել։ Էդպես ամեն առիթ-անառիթ էսպես կուրծք մի պատռեք․․․»։

Ծափահարություններ, տիկնա՛յք և պարոնա՛յք։

Այս ամենը մեր ուշադրությունը չէր գրավի, եթե այսքան ողբերգական չլիներ․․․

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ԱԺ ամբիոնից փորձեց մանիպուլացնել և մոլորեցնել ժողովրդին, դա ակնհայտ էր, հատկապես երբ նրա խոսքերին հաջորդեց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ փաստերով ամրագրված հակադարձումը։

Մենք էլ մեր հերթին բազմիցս անդրադարձել ենք (https://livenews.am/press/2023/220944/03/17/10/   https://livenews.am/press/2023/226886/12/16/56/ ) 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմին և հայկական կողմի հաղթանակին, ինչին մի քանի ամիս անց՝ 2016․ հոկտեմբերին հաջորդեց Ադրբեջանի բռնապետ Ալիևի վնգստոցը․ «Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ մանրամասներ ու փակագծեր, քանի որ կան դիվանագիտական որոշ կանոններ։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին» (ադրբեջանական haqqin.az):

Վերադառնալով ելույթին և զուգահեռներ տանելով ընդդիմադիր Փաշինյանի և ներկայիս վարչապետ Փաշինյանի միջև՝ հերթական անգամ ակնհայտ է դառնում վերջինիս սոսկ կռիվը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ստվերի հետ, իսկ իրականում՝ ինքն իր հետ։

Ընդդիմադիր Փաշինյանն իր իսկ խոսքով արձանագրում է, որ հանգիստ կառուցողական մթնոլորտում քննարկում է ընթանում, և հանկարծ իրեն բորբոքում է Ադրբեջան, Թուրքիա եզրույթները, մանավանդ որ հստակ օրինակներով համեմված մեջբերում էր․․․ Ինչո՞ւ, Նիկոլ Փաշինյան, դուք չէի՞ք, որ 2022 թ․ դեկտեմբերի 12-ին արտաբերում էիք՝ «ես չեմ վիրավորվում, երբ ինձ ասում են թուրք»։ Ի՞նչ է փոխվել, Նիկոլ Փաշինյան, թե հիմա էլ կասեք՝ «ես չեմ ասել հորս արև, ես ասել եմ՝ հոս արև»

Ինչևէ, Աստված ձեզ հետ և ձեր հոր արևի հետ, վերադառնանք բուն թեմային ․․․

Փաշինյանն ասում էր․ «Ամեն անգամ, երբ որ դուք խոսեք Թուրքիայի և Ադրբեջանի մասին, ես ձեզ հիշեցնելու եմ, որ դուք միակ իշխանությունն եք, որ զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանին տարածքներ եք զիջել․․․»։

Այստեղ տեղին է ասել՝ իյա՛, իրո՞ք․․․

Նախ Փաշինյանն իր իսկ խոսքում նույնիսկ ընդգծում է, որ եղել է ռազմական գործողություն և դրա հետևանքով որոշակի դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել (հետագայում, իհարկե, ապացուցվեց, որ դրանք եղել են ոչ ռազմավարական նշանակության և մասշտաբների առումով անհամեմատ ավելի քիչ, քան կուրծքը պատռելով բարձրաձայնում էր Նիկոլ Փաշինյանը)։ Եվ երկրորդ՝ ներկայիս Փաշինյանը, որն այսօր ներկայացնում է իշխանությունը, որն ինչ ուզում՝ այն էլ բանակցում է, որը բանակցություններն սկսում է իր սեփական կետից կիրթ և կառուցողական գործընկեր Իլհամ Ալիևի հետ, իր սեփական կետից սկսելու արդյունքում հանգեցրեց 2020 թ․ 44-օրյա պատերազմի և նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի, ինչի արդյունքում զիջվեցին Արցախի Հանրապետության 70%-ից ավելի տարածքներ արհեստածին Ադրբեջանին։ Եվ դրանով էլ կանգ չառան փաշինյանական զիջումները։ Սկզբում Պրահայում, այնուհետև Գրանադայում Նիկոլ Փաշինյանը միակողմանի ճանաչեց Ադրբեջանի 86,600քմ տարածքը, որն ինչպես ինքն իր իսկ շուրթերով է արտաբերում՝ այո, ներառում է Արցախը։

Ի վերջո, այն, ինչ ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը վերագրում էր գործող իշխանություններին, այսօր բառացիորեն իրականացնում է իր իսկ իշխանությունը։

Ուստի, Նիկոլ Փաշինյան, նորագույն պատմության մեջ ա՛յ դուք կմնաք իսկապես միակ իշխանություն, որ զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանին տարածքներ է զիջել ու նվիրել։

Ժաննա Ծառուկյան