Ապրիլյան պատերազմը պսակվեց հաղթանակով՝ ռազմաքաղաքական վերնախավ-ժողովուրդ-սփյուռք եռամիասնության շնորհիվ

2016 թ․ ապրիլը հայոց պատմության մեջ դրոշմվեց հերթական պատերազմով, որը պսակվեց հայկական կողմի փալյուն հաղթանակով՝ ի հեճուկս այդ ժամանակ հաղթանակը չընդունող ընդդիմադիր մի քանի գործչի պնդումների։ 7 տարի անց, մենք ցավով, բայց մեծ հպարտությամբ ենք հիշում Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր հայորդիների սխրանքները, ինչի արդյունքում Արցախն և Հայաստանը հերթական անգամ հաստատեցին իրենց կամքն ու ազատ ապրելու իրավունքը։ Անհնար է հպարտությամբ չհիշել այն միասնականությունը, որն այդ օրերին ցուցաբերվում էր հայ ժողովրդի կողմից՝ պետություն-ժողովուրդ-Սփյուռք եռամիասնությունը տվեց իր արդյունքը, և ընդամենը մի քանի ամիս անց՝ 08․10․2016 թ․ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը արդեն իսկ հանրայնորեն խոստովանում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշեր՝ ժամը 3.00-ի սահմաններում, Ադրբեջանը,

խախտելով 1994 թ. մայիսի 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման եռակողմ (Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջանի Հանրապետություն-Հայաստանի Հանրապետություն) համաձայնագիրը, և Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու միջազգային պարտավորվածությունները, նախահարձակ գործողություններ սկսեց հակամարտ զորքերի սահմանագծի ողջ երկայնքով: Հարկ է նշել, որ Ադրբեջանը, գիտակցելով արդեն իսկ դիվանագիտական ճակատում իր ստորացուցիչ պարտությունը, 2015-ից սկսած կիրառում էր այնպիսի զինատեսակներ, որոնք կիրառվել էր 1992-1994 թթ․ պատերազմի թեժ շրջանում: 2016 թ. հունվար-մարտ ամիսներին հայկական կողմին հաջողվում էր կանխարգելել և հետ շպրտել ԼՂՀ տարածք ներխուժող դիվերսիոն ներթափանցման փորձերը, իսկ թշնամին շարունակում էր պարբերաբար խախտել հրադադարը հրազենի, նռնականետների, ականանետների կիրառմամբ։

Հրադադարի ռեժիմի հաստատումից 22 տարի անց արհեստածին պետությունը հերթական անգամ փորձ արեց ռազմական ճանապարհով հագեցնել իր առավելապաշտական ախորժակը՝ դրանով իսկ փորձ անելով լուծել իր ներքաղաքական խնդիրները, որը, իհարկե, Հայաստանի ռազմաքաղաքական ու դիվանագիտական բլոկի շնորհիվ խեղդվեց 4 օրում, ինչի արդյունքում էլ ստացավ «քառօրյա պատերազմ» անվանումը։

Ադրբեջանը տարիներ շարունակ փորձել է վիժեցնել բանակցային գործընթացը և բազմաթիվ փորձեր է արել տապալելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը։ Ադրբեջանը հետևողականորեն նախ հրաժարվել է ԼՂՀ-Ադրբեջան երկկողմ, ապա՝ ԼՂՀ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ բանակցություններից, 2014-2015 թթ․ վերջնականապես փակուղի է մտցրել Հայաստան-Ադրբեջան ձևաչափով բանակցությունները և, ի վերջո, 2015 թ․ վերջին ու 2016 թ․ սկզբին հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից։ 2016 թ․ մարտի 19-ին Ադրբեջանի բռնապետը մեղադրել է Մինսկի խմբի համանախագահներին Ադրեբջանի դեմ սադրանքի մեջ և հայտարարել, որ Ադրբեջանի հավատը նրանց գործունեության նկատմամբ ամբողջությամբ խաթարված է։

Միաժամանակ գիտակցելով, որ դիվանագիտական հարթակում այլևս շանսերը զրոյական են՝ Ալիևը, սեփական ժողովրդին սնելով փուչ և կեղծ խոստումներով,  մեծացրել է Ադրբեջանի ռազմական ծախսերը։ Խախտելով ԵՍԶՈՒ (Եվրոպայում սովորական զինված ուժերի) վերաբերյալ պայմանագրի պահանջները՝ ադրբեջանական կողմը այդ ժամանակ ձեռք է բերում հարձակողական սպառազինություններ, որոնց քանակը զգալիորեն գերազանցում է թույլատրելիության շեմը։ Ըստ հրապարակված տվյալների՝ Ադրբեջանի սպառազինման մեջ առկա էր շուրջ 570 տանկ, 100 մմ և ավելի բարձր տրամաչափի մոտ 1140 հրետանային համակարգ, շուրջ 223 ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա), 70 հարվածային ուղղաթիռ, այն դեպքում, երբ թույլատրված են՝ 220 տանկ, 285 հրետանային համակարգ, 135 ՀՄՄ, 50 հարվածային ուղղաթիռ։ Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) 2015 թ. աշխարհում զենքի առևտրի մասին զեկույցի համաձայն` 2011-2015 թթ. ժամանակահատվածում սպառազինությունների ներկրման ծավալներով Ադրբեջանը առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայում։

2015 թ. մարտի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը բավականաչափ տեխնիկա և զինամթերք է ձեռք բերում, որը բավարար է «առաջին իսկ հարվածով թշնամու 70%-ի ոչնչացման համար»։ Նրա խոսքով․ «Եկել է այդ ժամանակը․․․ դա անպայման տեղի կունենա, թող ոչ ոք չկասկածի»։ 2015 թ. մարտի 19-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Հակամարտության կարգավորման համար, նախ և առաջ, մեր երկիրը, բանակը պետք է դառնան ավելի հզոր։ Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվում։ Այսօր մենք շփման գծում լիակատար առավելության ենք հասել, թշնամուն ջախջախիչ հարվածներ են հասցվում․․․»։

Այսպիսով, Ադրբեջանի բռնապետը վստահ էր, որ 2016թ․-ի ապրիլին վերջնականապես լուծելու է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ինչ մասին մի քանի ամիս անց՝ նոյեմբերի 12-ին խոստովանել է, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Բաքվի նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչնչացումն էր։ Նա, մասնավորապես հայտարարել է. «Մենք երբեք թույլ չենք տա մեր տարածքներում երկրորդ հայկական պետության ստեղծումը։ Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա…»։

Բայց արի ու տես՝ հայկական կողմը հերթական անգամ տապալեց ադրբեջանական կողմի ծրագրերը։ Չնայած այն հանգամանքի, որ ադրբեջանական կողմը գործի էր

դրել ահռելի քանակությամբ զրահատեխնիկա, համազարկային կայանքներ,

ավիացիա, հրետանի, իսրայելական արտադրության ժամանակակից «Հարոփ» հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ, ինչպես նաև հայ դիրքապահների ուղղությամբ կիրառեց զանգվածային ոչնչացման «ՏՕՍ» և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հայկական կողմին հաջողվեց հակահարված հասցնել թշնամուն և խոցել 12 տարատեսակ ԱԹՍ-ներ։

Միաժամանակ փայլուն աշխատանք տարավ նաև դիվանագիտական սեկտորը՝ ի դեմս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի։ Ինչպես նախորդ հոդվածում, որոշակի մանրամասներ ենք ներկայացրել նախագահի այդ օրերի ճկուն և հեռատես քաղաքականության մասին, այնպես էլ այս անգամ չենք զլանա ներկայացնել այն փաստերը, որոնց արդյունքում ունեցանք փայլուն հաղթանակ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 2-ին, լսելով ադրբեջանի հերթական հանդգնության մասին, շտապում է Հայրենիք (նախագահն այդ ժամանակ ԱՄՆ-ում մասնակցում էր Ատոմային անվտանգության գագաթնաժողովին) և ստանձնում րոպե առաջ կանգնեցնելու պատերազմը ողջ պատասխանատվությունն ու բեռը։ Հրավիրվում է Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություները կանխելու և հակահարված հասցնելու հարցերով, գերագույն գլխավոր հրամանատարի կողմից տրվում են հստակ հրահանգներ։ Միաժամանակ նախագահը հրավիրում է դեսպանների ուշադրությունն ու պահանջում հասցեական գնահատական Ադրբեջանի կողմից 1994 թ․ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման և ադրբեջանական բաշիբոզուկների կողմից հայ զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական հանցագործությունների ու միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ։

Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիզմի և այլատյացության դրսևորումների առկայությունը հետագայում հաստատվում է մի շարք միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում, մասնավորապես 2016 թ․ մայիսի 13-ին ՄԱԿ Ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեն Ադրբեջանի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից ռասայական ատելության ու հայերի հանդեպ ատելության հողի վրա տեղի ունեցող հանցագործությունների խրախուսման փաստի առթիվ։

2016 թ․ ապրիլի 5-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը Մոսկվայում հանդիպում է Ադրբեջանի  զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ՝ ի դեպ՝ վերջինիս խնդրանքով, և բանակցություններն ավարտվում են կոնկրետ արդյունքով՝ ապրիլի 5-ի ժամը 12-ի դրությամբ հաստատվում է հրադադար, շփման գծի ողջ երկայնքով դադարեցվում են ռազմական գործողությունները։

Փաստացի, 2016 թ․ անկախ ադրբեջանական կողմի ռազմատեխնիկական առավելության հանգամանքից՝ հայկական կողմին հաջողվում է հերթական անգամ ապահովել փայլուն հաղթանակ հայ ժողովրդի, հայ զինվորի, հայոց մեծ Սփյուռքի և պետական ռազմաքաղաքական ապարատի միասնականության շնորհիվ։

Եվ այո, պատերազմը տևեց 4 օր և պսակվեց հաղթանակով, որովհետև այդ ժամանակ բոլորը հստակ տիրապետում էին իրենց գործառույթներին ու պարտականություններին, չկային սևեր ու սպիտակներ, չկային թշնամու խոսույթը կրկնօրինակող, դասալիքների փնտրտուքով զբաղված և ռազմական գործից անիրազեկ պաշտոնյաների տիկնայք, չկար 5-րդ շարասյուն․․․

Ժաննա Ծառուկյան