Վաղը ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 10 հազար անձինք ևս կստանան 100- հազարական դրամ. Նազելի Բաղդասարյան

Վաղը ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 10 հազար անձի ևս կփոխանցվի 100 հազար դրամի աջակցությունը, որոնցից շուրջ 3000-ը երեխա են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ նախորդ շաբաթ առավել քան 80 հազար անձ արդեն իսկ ստացել է 100-հազարական դրամ աջակցությունը: Եվս 200 անձի տվյալներ մշակվել են, և նրանց վճարումը՝ 100 հազար դրամը, կիրականացվի «ՀայՓոստի» միջոցով: Խոսքը վերաբերում է 75-ից բարձր տարիք ունեցողներին և առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամներին:

Վարչապետի մամուլի քարտուղարը նաև տեղեկացրեց, որ հետագայում այս անձինք ևս դրամական աջակցություն կստանան անկանխիկ եղանակով: