ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 6,5 մլն եվրոյի դրամաշնորհ՝ 4 մարզերում էներգաարդյունավետ սարքեր տեղադրելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Եվրահանձնաժողովի միջև «Կայուն էներգիա, էներգետիկ անվտանգություն և կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունություն Հայաստանի գյուղական վայրերում» ֆինանսավորման համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023-ի փետրվարի 13-ին Բրյուսելում և 2023-ի հուլիսի 19-ին Երևանում ստորագրվել է Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Կայուն էներգիա, էներգետիկ անվտանգություն և կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունություն Հայաստանի գյուղական վայրերում» ֆինանսավորման համաձայնագիրը, որով ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով տեխնիկական աջակցություն՝ 6.5 մլն եվրո ծավալով:

Համաձայնագրի ընդհանուր նպատակներն ուղղված են էներգետիկայի բնագավառում Հայաստանում էներգետիկ աղքատության մեղմացմանը, էներգետիկ անվտանգության ու անկախության բարձրացմանը, բնապահպանական տեսանկյունից կլիմայական փոփոխությունների մեղմացմանն ու բնական ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանությանը: Այդ նպատակներին հասնելու համար նախատեսվում է գյուղական վայրերում բարելավել հասանելիությունը էներգաարդյունավետ և կայուն էներգիայի լուծումներին:

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի չորս մարզերում՝ Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի: Գյուղական վայրերի ցածր եկամուտ ունեցող  տնային տնտեսություններում և համայնքային շենքերում, որտեղ կայուն էներգիայի նկատմամբ ընդհանուր մատչելիությունը բարդ է, կտեղադրվեն էներգաարդյունավետ սարքավորումներ, արևային ջրատաքացուցիչներ, ֆոտովոլտային կայաններ, կիրականացվեն ջերմամեկուսացման աշխատանքներ:

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա՝ Հայաստանում ստեղծելու ԵՄ լավագույն գործելակերպերին համապատասխան էներգաարդյունավետության և կայուն էներգիայի լուծումների բարելավված միջավայր:

ՀՀ կառավարությունը նպատակ ունի մինչև 2030-ը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ հասցնելու 15%-ի: