Մենք պետք է միասնական պայքարենք ծայրահեղականության, ատելության և անհանդուրժողականության դեմ. Արուսյակ Ջուլհակյան

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք քննարկում ենք ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմքերին սպառնացող վտանգներից մեկը:

Ծայրահեղ աջ գաղափարախոսությունը, որը հաճախ դրսևորվում է ազգայնականությամբ, այլատյացությամբ, ավտորիտարիզմով, թափ է հավաքում աշխարհի տարբեր կողմերում: Սա ոչ միայն սպառնում է իրավահավասարության և արդարության սկզբունքներին, այլ նաև խաթարում ժողովրդավարության և մարդու իրավունքների բուն էությունը, ինչի համար սերունդներ շարունակ պայքարել ենք, դրանք փայփայել:

Վերջին տարիներին ծայրահեղ աջ գաղափարախոսության հետ կապված ատելության հանցագործությունների, խտրականության ու բռնության դեպքերի տագնապալի աճ է գրանցվել: Այս գործողություններն ուղղակիորեն սպառնում են այն անհատների իրավունքներին, որոնք թիրախավորվել են իրենց ազգային պատկանելության, կրոնական դավանանքի կամ համոզմունքների համար:

Եվ այս տեսանկյունից շատ կարևոր է, որ մենք՝ որպես կազմակերպություն, քննարկենք խնդիրը՝ փորձելով գտնել հնարավոր լուծումներ:

Բայց, անկեղծ ասած, հարգելի՛ գործընկերներ, ես մի փոքր տարակուսած եմ՝ տեսնելով, որ այլատյացությունը և ավտորիտարիզմը քննադատող զեկույցի բանախոսը ներկայացնում է մի երկիր, որը հայտնի է իր այլատյացությամբ և ավտորիտարիզմով, մի երկիր, որը տառացիորեն վերջերս է էթնիկ զտման ենթարկել իրենց պապենական հայրենիքում ապրող ամբողջ հայ բնակչությանը:

Էթնիկ զտում, որը վերջին ակորդն էր այդ մարդկանց մոտ տասն ամիս շրջափակելուց և սովի մատնելուց հետո:

Զեկույցում բերված են տարբեր երկրների օրինակներ, սակայն բուն Ադրբեջանի մասին ոչինչ չի ասվում: Օրինակ՝ զեկույցում կարող էր լինել հղում ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի՝ Ադրբեջանի վերաբերյալ վերջին զեկույցին, որում, մասնավորապես, նշված է հետևյալը, մեջբերում եմ.

«Կոմիտեն խորապես մտահոգված է հայկական ազգային կամ էթնիկ ծագմամբ անձանց նկատմամբ ռասայական ատելության հրահրման և ռասիստական կարծրատիպերի քարոզչության կապակցությամբ, այդ թվում՝ համացանցում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև հանրային դեմքերի և պետական պաշտոնյաների կողմից իրականացվող, ինչպես նաև նման արարքների վերաբերյալ մանրամասն հետաքննության, դատապարտման և պատժման դեպքերի բացակայությամբ: Կոմիտեն նաև մտահոգված է նրանով, որ դպրոցական դասագրքերն Ադրբեջանում խթանում են նախապաշարմունքներ և ռասայական ատելություն հրահրում, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ, ինչպես նաև Ադրբեջանում պատմության ուսուցման ընթացքում էթնիկ փոքրամասնությունների մարգինալացմամբ»:

Ինչևէ: Գործընկերնե՛ր, վերադառնալով ծայրահեղ աջ գաղափարախոսության թեմային, ասեմ, որ որպես պատասխանատու քաղաքական գործիչներ և արդարության ջատագովներ՝ մենք պետք է միասնական պայքարենք ծայրահեղականության, ատելության և անհանդուրժողականության դեմ: Մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարական սկզբունքները, որոնք հնարավորություն են տվել մեզ առաջադիմել որպես հասարակություն, և մենք պետք է անխոնջ աշխատենք հավաստիանալու համար, որ մարդու իրավունքները պաշտպանված են բոլորի համար՝ անկախ նրանց ծագումից կամ համոզմունքներից: Միայն այդպես մենք կկարողանանք կառուցել ապագա, որը, իսկապես, ներառական, արդար և ժողովրդավարական կլինի բոլորի համար: Շնորհակալություն»: