Փաշինյանը՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի մնալ-չմնալու մասին

ԼՂ-ում ռուս խաղաղապահների մնալ-չմնալու հարցը միայն մեզնից չի կախված, որովհետեւ մենք գիտենք նաեւ, որ այդ թեմայով ՌԴ-ն որոշակի քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե պե՞տք է ռուս խաղաղապահները մնան Արցախում, թե ոչ:

«Մեզ հետ էլ ունեն քննարկումներ: Այս հարցի հետ կապված ես չեմ կարող շատ ուղիղ եւ կոնկրետ պատասխան տալ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե եթե ռուս խաղաղապահներն Արցախից դուրս գան, հնարավո՞ր է, որ գան Հայաստան եւ մնան Հայաստանում, վարչպետն ասաց. «Ես դրա մեջ տրամաբանություն չեմ տեսնում, որովհետեւ նրանք ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահի զորախումբն են, եթե նրանք ԼՂ-ից դուրս են գալիս, պետք է գնան Ռուսաստան: Այլ հարց՝ նրանք Ադրբեջանո՞վ կգնան դեպի Ռուսաստան, թե՞ Հայաստանով: չեմ կարծում, թե դա սկզբունքային հարց է: Բայց Հայաստանում նրանց մնալու ոչ մի իրավական հիմնավորում չկա եւ չի կարող լինել»:

Հարցին, թե կա՞ ռուսական 102-րդ ռազմաբազայի Հայաստանում մնալ-չմնալու խնդիր, հաշվի առնելով, որ վաղը կարող է հարձակվեն Հայաստանի վրա եւ Ռուսաստանը էլի հայտարարի, որ սահմանները սահմանագծված չեն, Փաշինյանը պատասխանեց. «Ռուսական ռազմակայանի՝ Հայաստանում գտնվելու հիմքերը շատ պարզ են, այդ հիմքերը շարունակում են գոյություն ունենալ եւ մենք դրա հետ կապված ոչ մի հարց չենք բարձրացնում»: