Նիգերում Ֆրանսիայի դեսպանին դեսպանատանը պատանդ են պահում. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Նիգերում Ֆրանսիայի դեսպան Սիլվեն Իտեին և ֆրանսիացի այլ դիվանագետների տառացիորեն պատանդ են պահում Ֆրանսիայի դեսպանատանը, տեղեկացրել է BFM-ը։

Ֆրանսիայի Կոտ դ՛Օր շրջան կատարած այցի ժամանակ Մակրոնն ասել է, որ դեսպանությունը Նիամեյում պարեն չի ստանում, և դեսպանը սնվում է զինվորական մթերաբաժնով։

«Դեսպան Սիլվեն Իտեն չի կարող դուրս գալ փողոց, նա պերսոնա նոն գրատա է հայտարարված, և նրան ուտելիք չեն տալիս»,- ասել է Մակրոնը։

Հուլիսին Նիգերում վերահսկողություն հաստատելով՝ ռազմական խունտան հրամայել է Իտեին հեռանալ երկրից։ Ավելի ուշ նրա վիզան զրոյացվել է, ոստիկանությանը հանձնարարվել է վտարել նրան երկրից։

Բայց դիվանագետը մնացել է, ֆրանսիական իշխանությունները նորից հայտարարել են, որ չեն ճանաչում խունտայի իշխանությունը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այնպես կարվի, որ դեսպանը հայրենիք վերադառնա, Մակրոնն ընդգծել է, որ շարունակում է շփումը Նիգերի իշխանազրկված նախագահ Մոհամեդ Բազումիի հետ։

«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի մենք պայմանավորվենք նախագահ Բազումի հետ, որովհետև նա է լեգիտիմ իշխանությունը, և ես նրա հետ խոսում եմ ամեն օր»,- ասել է նա։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քատրին Կոլոնայի խոսքով՝ Իտեն շարունակում է աշխատել։

«Դեսպանն աշխատում է, ես կարող եմ հաստատել, և նա շատ օգտակար է իր թիմին»,- ասել է Կոլոնան LCI ֆրանսիական հեռուստաալիքի հարցազրույցում»։