Ադրբեջանի հետ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը խաղաղության անկյունաքարն է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել POLITICO Europe պարբերականին․

Հարց – Պարոն վարչապետ, շնորհակալություն հարցազրույցի համար։ Հաճելի է Ձեզ հետ խոսելը, չնայած տարածաշրջանում այն դժվար իրավիճակին, երբ Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հանրություններն անհամբեր սպասում են, թե ինչ է կատարվելու։ Վերջին օրերին տեսնում ենք բազմաթիվ հրապարակումներ սահմանի տարբեր կողմերում իրար դեմ առ դեմ կանգնած ադրբեջանական և հայկական զորքերի միջև լարվածության մասին։ Հաղորդումներ կան, որ առկա են բավական մեծ ադրբեջանական կուտակումներ Հայաստանի հետ սահմանի երկայնքով և Լեռնային Ղարաբաղի շուրջ, և ուզում եմ հարցնել, թե որքանո՞վ է նոր կոնֆլիկտը հավանական։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի որ Ադրբեջանը սկսել է զորքերի կուտակում Հայաստանի սահմանի երկայնքով, Հայաստանի Հանրապետությունը նույնպես պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի պաշտպանական նպատակներով: Բայց կարծում եմ, որ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, որը սահմանագծի երկայնքով դիտարկման առաքելություն է իրականացնում, կարող է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունն ամենևին էլ էսկալացիայի մտադրություն չունի, և Ադրբեջանն է, որ սկսել է իր կենտրոնական զորքերի դուրսբերումը դեպի Հայաստանի հետ սահման և Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով: Նման իրավիճակում, ցավոք, հնարավոր չէ բացառել էսկալացիայի սցենարը, և դրա տարբերակը դուրսբերված զորքերը մշտական տեղակայման վայրեր ետ տանելն է և Հայաստանը պատրաստ է նման քայլի:

Հարց – Բայց միևնույն ժամանակ Վաշինգտոնի և Բրյուսելի ներգրավվածությունը որպես միջնորդներ հույս է տվել, որ խաղաղությունը մոտ է։ Արդյոք հիմա կարծում եք, որ խաղաղությունը մոտ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, բանակցային գործընթացում, կարծում եմ, շատ լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել: Եթե փորձենք այդ իրադարձությունների լրջության պիկն արձանագրել՝ պիտի ասեմ, որ դա Հայաստանի և Ադրբեջանի ձեռքբերած պայմանավորվածություններն են, որ մեր երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց 29 800 քառակուսի կմ Հայաստանի Հանրապետության պարագայում և 86 600 քառակուսի կմ Ադրբեջանի պարագայում՝ տարածքային ամբողջականությունը: Ըստ էության, այս պայմանավորվածությունը կարելի է համարել խաղաղության անկյունաքար, բայց խնդիրն այն է, օրինակ՝ ես այդ պայմանավորվածությունից հետո հրապարակային վերահաստատել եմ և հիմա էլ վերահաստատում եմ մեր հավատարմությունն այդ պայմանավորվածությանը, Ադրբեջանի դիրքորոշումն այս առումով այնքան էլ պարզ չէ: Այս իրավիճակը գուցե նաև ցույց է տալիս, թե որ կողմն է շահագրգռված մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիայով: Մյուս կողմից՝ պիտի արձանագրեմ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի շարունակությունը, իհարկե, շատ նեգատիվ ազդեցություն է ունենում խաղաղության գործընթացի վրա, և դրա, այսպես ասած, անկեղծությունն է կասկածի տակ դնում: Էլ չեմ ասում, որ իմ նշած պայմանավորվածությունների համատեքստում էական է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հասցեագրման միջազգային մեխանիզմի ձևավորումը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության նպատակով:

Հարց – Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ առկա են տարբեր մեկնաբանություններ։ Դրա համար կուզենայի պարզաբանող հարց տալ։ Ձեր կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս պայմանավորվա՞ծ է խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, Դուք այն ճանաչում եք նույնիսկ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրու՞մը, թե՞ դա պայման է խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ, որ Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես ասացի, փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29 800 քառակուսի կմ և 86 600 քառակուսի կմ: Եվ երբ ես այդ պայմանավորվածությունից հետո Երևանում մամուլի ասուլիս եմ տվել, և լրագրողը հարցրել է՝ արդյոք Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, ես պատասխանել եմ, որ այո, ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև ուզում եմ ասել, որ դա ամենևին չի նշանակում, որ մենք դրանով Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման կամ ցեղասպանության ենթարկելու մանդատ ենք տվել Ադրբեջանին: Այս է պատճառը նաև, որ այդ պայմանավորվածության մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման մեխանիզմների ձևակերպումը և, մասնավորապես, Բաքու-Ստեփանակերտ հուսալի, բովանդակային երկխոսության հաստատումը, որի մեկնարկի և ավարտի վերաբերյալ կլինի որոշակի շրջանակի մասին պատկերացում: