ՄԵՌՈՆՕՐՀՆԵՔ-5

Ձիթայուղից հետո Մյուռոնի երկրորդ հիմնական նյութը ԲԱԼԱՍԱՆՆ է (լատ. Commifora opobalasamum): Այն փշատենու նման մշտադալար ծառի կեղևի կտրվածքից հոսող յուղային խեժ է, որը հանդիպում է Արաբական թերակղզում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Պաղեստինում և Վիետնամում: Բալասանն օգտագործվում է կրոնածիսական նպատակով և բժշկության մեջ: Մյուռոնի պատրաստության ժամանակ բալասանը փափկեցնում են կտավատի յուղով, որպեսզի կարողանա միախառնվել ձիթենու յուղին: Մյուռոնի կանոնը հրահանգում է, որ որքան շատ լինի այն, այնքան ավելի լավ է:

Որպես Մյուռոնի մակարդ` բալասանի մասին ստեղծվել են տարբեր ավանդություններ հայ մատենագրության մեջ, այն գովերգվել է նաև գեղարվեստական ստեղծագործություններում: Վարդան վարդապետն իր «Աշխարհացոյց» աշխատության մեջ նշում է, որ Տիրամայրը լվացել է մանուկ Հիսուսի հագուստը և ջուրը թափել, որտեղ էլ բուսնել է բալասանի ծառը: Այս ավանդազրույցը մեջբերել է նաև Հակոբ Նալյան Պատրիարքը` Նարեկի 93-րդ գլուխը մեկնելիս: Ըստ նրա` ինչպես ծառի ճեղքումից բալասանի յուղային խեժն է դուրս գալիս, այնպես էլ Հիսուսի կողի խոցմամբ` Տիրոջ փրկարար արյունը:

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան

ՄԵՌՈՆՕՐՀՆԵՔ-4