ՄԵՌՈՆՕՐՀՆԵՔ-4

Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավելի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը: Նյութերի այս բուրումնավետությունը խորհրդանշում է քրիստոնեական հավատքի և կյանքի անուշահոտությունը:

Մեզ են հասել հայկական բազում ձեռագրեր, որոնք անդրադառնում են Ս. Մյուռոնի կանոնին, խորհրդին, անհրաժեշտ նյութերին և այս սրբազան Յուղին առնչվող այլ խնդիրներին: Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում այն ձեռագրերը, որոնք մանրամասն անդրադառնում են Մյուռոնի համար անհրաժեշտ նյութերին: Խնդրի վերաբերյալ մեզ հասած ամենահին ձեռագիրը 1461 թ. ընդօրինակված Մաշտոցյան Մատենադարանի Հմր 4997 ձեռագիրն է, որտեղ խոսվում է 40 բույսերի և նյութերի մասին: Այլ ձեռագրերում նյութերի քանակը հասնում է անգամ մինչև 58-ի: Հետաքրքրական է, որ նմանաբնույթ ձեռագիր մատյաններում բացակայում է ձիթապտղի ձեթի մասին հիշատակությունը, քանզի բոլորին էլ պարզ էր, որ առանց ձիթայուղի հնարավոր չէ Ս. Մյուռոն պատրաստել:

Մյուռոնի նյութերի ուսումնասիրությունը և դրանց աշխարհագրական տարածվածության վերլուծությունը փաստում են, որ այդ բույսերի մեծ մասն աճում են մերձարևադարձային և արևադարձային կլիմայական գոտիներում: Միայն դրանցից մի քանիսը կարող ենք գտնել Արևմտյան Հայաստանում և ներկայիս Հայաստանի Հանրապետությունում: Այս բացը լրացնելու նպատակով վերջին երեք մեռոնօրհնեքների ժամանակ ավելացվել են նաև որոշ բույսեր Արցախից և Հայաստանից` նյութերի քանակը հասցնելով 72-ի` ըստ Տիրոջ աշակերտների խորհրդանշական թվի:

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան

ՄԵՌՈՆՕՐՀՆԵՔ -3