ՌԴ-ն անում է ամեն ինչ, որպեսզի Չինաստանը և Հնդկաստանը ճանաչեն Աբխազիան և Հարավային Օսիան. Գրիգորի Կարասին

Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման ուղղությամբ։ Այնուամենայնիվ հարցը հեշտ չէ, քանի որ հավաքական Արևմուտքը երկրներին մղում է «հակառակ ուղղությամբ»։ Այս մասին գրում է Sputnik Южная Осетия-ն՝ մեջբերելով դիվանագետի խոսքը։

«Դուք գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունն անում է հնարավորը բոլոր մակարդակներում և իր բոլոր շփումներում, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ, որպեսզի նրանք ճանաչեն Հարավային Օսիայի և Աբխազիայի Հանրապետությունը։ Այս հարցը հեշտ չէ, քանի որ կա մեկ այլ կողմ, որը ճնշում է. նկատի ունեմ հավաքական Արևմուտքը, ԱՄՆ-ը, որոնք հակառակ ուղղությամբ են ճնշում գործադրում»,- ասել է Կարասինը։

Նա վստահություն է հայտնել, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը վաղ թե ուշ տեղի կունենա։

2008 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի անկախությունը, որին հաջորդեցին Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն և Սիրիան։