ՄԵՌՈՆՕՐՀՆԵՔ-1

Հոկտեմբերի 1-ին Ս. Էջմիածնում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողությունը։ Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ծանոթացնում է Ս․ Մյուռոնի խորհրդին, բաղադրությանը, նշանակությանը, ավանդություններին.

«Ըստ Հրաչյա Աճառյանի` հունարեն «Մյուռոն» բառը նշանակում է «հեղուկ անուշահոտություն, հոտավետ յուղ», որը ծագում է «քսել, օծել» արմատից: Չնայած այս ստուգաբանությանը, հայկական միջավայրում այն կապվել է «մեռնել», «դառնություն» և «մռայլ» բառերի հետ: Ս. Գրիգոր Նարեկացին եբրայեցերենի հետևողականությամբ Մյուռոնը ստուգաբանում է «մեռա» բառով, որ նշանակում է «դառնություն»: Մյուռոնի «մռայլ» ստուգաբանությունը, որը երբեմն նաև այլ բառերով կոչվում է «խավար» և «մթին» կապվում է աստվածային ճշմարտությունների և Աստծու ճանաչողության հետ: Այդ ճշմարտությունները և Աստված անմատչելի են մեր մտքի համար, հետևաբար նաև՝ խավար և մութ, սակայն դրանց քաղցրությունը և մասամբ ճանաչողությունը տրված է ընտրյալներին և սրբերին:

Հնում արևելյան ազգերը և հատկապես հրեաները ծեսի մեջ ձիթենու յուղ էին օգտագործում: Աստված Մովսեսին պատվիրեց օծության Յուղի պատրաստման ձևը, որով զանազան առարկաներ էին օծում (տե՛ս Ելք 30. 22-33): Օծումից հետո դրանք դառնում էին սրբագործված, զանազանվում մյուսներից և օգտագործվում ծիսական արարողությունների ժամանակ: Օծվում էին նաև քահանաները և թագավորները, ինչպես նաև ննջեցյալների մարմինները` ապականվելուց զերծ պահելու համար: Օծության Յուղն այն տեսանելի, զգալի նշանն էր, որով Աստծո Հոգին ներգործում էր մարդկանց և առարկաների վրա:

Օծման նշանակությունը վերաիմաստավորվեց Հիսուս Քրիստոսի գալստյամբ: Նա դարձավ բացարձակ Օծումը. «Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկ. 2. 11): Իսկ Ս. Պետրոսը Հոգեգալստից հետո նորադարձներին ասում էր. «Իսրայելի ամբողջ տունը վստահորեն թող իմանա, որ Աստված Նրան և´ Տեր, և´ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչեցիք» (Գործք 2. 36): Նոր Կտակարանում յուղով օծումը նաև հարգանքի նշան էր: Հիշենք, թե ինչպե´ս Բեթանիայում` Սիմոն բորոտի տանը, օծվեց Հիսուսի մարմինը, որը Նրա թաղման խորհուրդն ուներ (Մատթ. 26. 7, Մարկ. 14. 3, Հովհ. 12. 3):

Սրբալույս Մյուռոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար: Այն միավորիչ ուժն է աշխարհասփյուռ հայության և շաղախող հզոր ուժը մեր «փոքր ածուի» անցյալի և ներկայի: Ս. Մյուռոնը մշտապես հիշեցնում է ամենքիս, որ մենք` իբրև քրիստոնյաներ, մկրտվել և ծնվել ենք Հայոց Եկեղեցու Ս. Ավազանից` մեր ճակատին կրելով Ս. Հոգու խորհրդանիշ Ս. Մյուռոնի կնիքը: Այս խորհրդով և հոգևոր գիտակցությամբ ենք ապրել և շարունակում ենք կյանքի մեր ընթացքը Ս. Էջմիածնի օրհնության ներքո: Սրբալույս Մյուռոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն դարձել է նաև սրբության և ազգային դրոշմի խորհրդանիշ, որն իր արտացոլումն է գտել նաև մեր ժողովրդի հոգեբանության և մտածողության մեջ: Ուստի պատահական չէ, որ Ս. Մյուռոնին են նվիրվել մի շարք մեկնաբանական երկեր, քարոզներ և չափածո ստեղծագործություններ:

Մյուռոնին ընծայված բացառիկ սիրո և նշանակության մասին է ակնհայտորեն վկայում նաև հայկական ընտանիքներում կնքահորը` քավորին, ընծայվող խորը հարգանքն ու պատիվը: Չէ՞ որ այդ Մյուռոնի շնորհիվ են նրանք իրար հետ հարազատ դառնում և ուխտում` իրենց ողջ կյանքում հավատարիմ լինել այդ սուրբ օծությանը: Այս օրինակները կարելի է շարունակել, որոնք մեկ անգամ ևս փաստում են Ս. Մյուռոնի կարևորությունն ու դերակատարությունը մեր ազգի կյանքում: