Խաչատուրովին ազատազրկել հիմնավորմամբ, թե նա կարող է խոչընդոտել գործին, դա ուղղակի անարգանք է պատվարժան հայ սպայի նկատմամբ

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելն արվում է վախի մթնոլորտ տարածելու և նրան պատժելու նպատակով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական խմբի նախաձեռնության անդամ, ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ համահիմնադիր, պահեստազորի գնդապետ Միքայել Համբարձումյանը:

«Սա արվում է պատերազմական իրավիճակում, երբ ցանկացած պահի կարող է վերսկսվել պատերազմական գործողությունները, սա արդեն լուրջ մտահոգության տեղիք է տալիս, և ակնհայտ է, որ գործ ունենք անվտանգային խնդիրների հետ: Խաչատուրովը բարձր հեղինակություն վայելող սպա է, որն իր գործողություններով երևի կարող է սպառնալիք հանդիսանալ գործող իշխանությունների համար»,– ասաց Միքայել համբարձումյանը և հավելեց, որ այս գործողությունները ձեռնտու են միայն մեր հակառակորդներին:

Խաչատուրովի պաշտպանական խմբի նախաձեռնության անդամ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակում բեկում կարող են մտցնել անհատները, և այդ անհատներից է նաև Խաչատուրովը.

«Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի ոտնձգություններին կարող էր և կարող է դեմ կանգնել և որպես գեներալ, և որպես քաղաքացի: Ուստի այս գործի շրջանակներում տարբեր պատասխանատուներ ընդունում են նման որոշումներ, հետաքրքիր է, նրանք երբևէ որպես քաղաքացի մտածե՞լ են, որ այս ամենի հետևանքով նրանք նույնպես հայտնվելու են ադրբեջանական թիրախում»:

Մելքոնյանի խոսքով՝ այս գործընթացը վնասում է պետականությունը. «Արդյո՞ք Խաչատուրովն այն ամենավտանգավոր հանցագործն է, որին պետք է մեկուսացնել: Երբևէ թշնամու առաջ չնահանջած գեներալին ինչո՞ւ են ազատազրկման մեջ պահում: Արդյո՞ք թշնամու առաջ չնահանջած գեներալն ու քաղաքացին պետք է խուսափեր հայաստանյան տարբեր կառույցների գործընթացներին մասնակցելուց: Նրան մեղադրել ու ազատազրկել այն հիմնավորմամբ, որ նա կարող է խոչընդոտել գործին, դա ուղղակի անարգանք է պատվարժան հայ սպայի նկատմամբ»:

Հիշեցնենք, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ),իսկ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով)։

Մեղադրանք է ներկայացվել նաև «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում) և ևս 9 անձի: