Կարծում եմ Սերժ Սարգսյանի բաց նամակը շուտով շատ լուրջ արձագանքներ կստանա հասցեատերերից

Այսօր ՀՀ 3-րդ նախագահն ուղերձ է հղել Բայդենին, Պուտինին և Մակրոնին…

Անձամբ ինձ համար այս ուղերձը շատ սպասված էր: Վստահ եմ, որ նախագահ Սարգսյանն Արցախի շուրջ և Արցախի ներսում ստեղծված ծանրագույն իրավիճակը ընդունում է որպես անձնական ողբերգություն:

Այսօրվա բաց նամակում ես տեսա պետական և քաղաքական գործչին հարիր զսպվածություն, որը, սակայն իր մեջ պարուրում է մարդկային խորը ապրումներ:

Նախագահը դիմում է մարդկանց, ում հետ առիթ է ունեցել անձամբ հանդիպելու և քննարկելու այդ թվում Արցախի հիմնախնդրին առնչվող հարցեր: Սա ինքնին աննախադեպ է, քանի որ ուղերձի այս ձևաչափը /բաց նամակը/ հասցեատերերին խնդրո ծայրահեղ լրջությունը հասցնելու գերագույն եղանակն է այն պայմաններում, երբ չկան ուղիղ հաղորդակցման խողովակներ: Անգամ պետական որևէ պաշտոն չզբաղեցնելով նախագահ Սարգսյանն իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները գործի է դնում այս ծանրագույն իրավիճակից Արցախը փրկելու համար:

Կանխատեսում եմ, որ առաջին ժամերի շոկը հաղթահարելուց հետո օրվա իշխանության քարոզչամեքենան իր արբանյակների հետ միասին կսկսեն անդրադառնալ Սերժ Սարգսյանի բաց նամակին իրենց բնորոշ անբարոյական ոճով՝ խեղաթյուրելով նախագահի խոսքերը, իրեն մեղսագրելով զանազան հորինված  սխալներ՛, պահոցներից կհանեն և գործի կդնեն ամենաանհեթեթ և հրեշավոր զրպարտանքներն ու հերհուրանքը և այլն: Բայց ուշ է, տիկնայք և պարոնայք… Դուք այլևս չեք տիրապետում իրավիճակին:

Պոպուլիզմի թույնի ազդեցության տակ գտնվող մեր հանրության համար այս բաց նամակը զուլալ քաղցրահամ ջրի առաջին բաժակն է, որին կհետևի աստիճանական ազատումը այդ թույնի ազդեցությունից:

Կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին ուղղված այս բաց նամակը, որի հեղինակն արցախցիների ինքնորոշման իրավունքի իրագործման ու Արցախի անկախության համար պայքարն իր կյանքի գործն է համարում, շուտով շատ լուրջ արձագանքներ կստանա հասցեատերերից:

Այսօրվա բաց նամակում ես տեսա ԶՐՈ ԱՄԲԻՑԻԱ, բայց նաև ԶՐՈ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ:

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Նաթալիե Սաղիյանի ֆեյսբուքյան էջից