Սերժ Սարգսյանի քաղաքականությունն էր՝ Հայաստանին ուղղված մարտահրավերները վերածել հնարավորության, մինչդեռ Փաշինյանը երկիրը դարձրեց շահերի բախման կիզակետ

Հետևելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ միջազգային տարբեր հարթակներում ունեցած ելույթներին, համոզվում ես, որ նրա իշխանության տարիներին Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությունը եղել է բարձրակետում։ Պետական, քաղաքական գործիչը հստակ սահմանել է հայկական «կարմիր գծերը»՝ բանակցությունների սեղանին դնելով հայկական օրակարգը։

Նրա իշխանության տարիներին թե դիվանագիտական, թե՛ ռազմական հարթությունում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու անվտանգության հարցերը եղել են առաջնայնություն։

Նախագահ Սարգսյանն իր ելույթներում համարձակորեն սաստել է ադրբեջանական խավիարի համից գլուխները կորցրած եվրոչինովնիկներին` չշեղվել ազգերի ինքնորոշման իրավունքի կարևորագույն սկզբունքից, չանտեսել իրենց իսկ կողմից քարոզվող ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։ Հիշեցրել նրանց, որ արցախյան խնդիրը երբեք չի կարող լուծվել ինքնորոշման իրավունքից դուրս և ուժի կիրառմամբ, որ Արցախը երբե՛ք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջին ելույթը հնչեց 2018-ի՝ Մյունխենի անվտանգության համաժողովում: Քանի դեռ ապրում ենք «ծուռ հայելիների» իրականության մեջ, քանի դեռ երկրի իշխանության ղեկը մի մարդու ձեռքում է, ով իր քաղաքական խայտառակ ձախողումները թաքցնում է՝ դրանք նախկինների վրա բարդելով, կարծում եմ, հարկավոր է հաճախ մեր հասարակությանը վերհիշեցնել ՀՀ նախկին նախագահների ելույթները: Դա հնարավորություն կտա ներկայի ու նախկինի մանիպուլյատիվ հակադրման մեջ ժողովրդին տեսանելի դարձնել իրականությունը, բացել մարդկանց աչքերը և դրանով և կանխել ստախոսի կողմից կեղծիքի տարածումը:

Եվ այսպես, 2018 թիվ, մյունխենյան անվտանգության համաժողով․ Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում անդրադառնում է աշխարհաքաղաքական իրավիճակին ու Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը: Եվ այս հարթության մեջ հիշեցնում է 1970-ականներին սկիզբ առած Հելսինկյան գործընթացը, համաձայն որի. «Եվրոպայի նպատակը անվտանգության և համագործակցության ամրապնդումն է, որ պիտի ապահովի ժողովուրդների համերաշխությունը, արժանապատիվ և իրավահավասար համակեցությունը»:

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին, նախագահ Սարգսյանը հստակ մատնացույց է անում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, որպես խնդրի խաղաղ կարգավորման թիվ մեկ խոչընդոտ: ԼՂ խնդրի շուրջ Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը որակելով «Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում», Սերժ Սարգսյանը Եվրոպային ի ցույց է դնում Ալիևի հեռահար նպատակները՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի հանդեպ նրա հավակնությունները, դիվանագիտական ձևակերպումներով ծաղրում 100 տարվա կենսագրություն ունեցող երկրի բռնապետին, իսկ Եվրոպային սթափեցնող կոչ ուղղում՝ ձեր լռությամբ պատճառ չդառնաք վտանգավոր զարգացումների․ «Ադրբեջանի նախագահ Ալիևը ոչ ավելի, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ»:

Փորձեք վերհիշել ներկայումս ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի` Փաշինյանի ելույթները, կհամոզվեք, որ նա երբեք միջազգային հարթակներում ռիսկ չի արել փաստարկված, լուրջ հակահարված տալ Ալիևի զառանցանքներին: Փոխարենը Ալիևն է ծաղրել Փաշինյանին` նրան անվանելով հարբեցող ծաղրածու:

ՀՀ երրորդ նախագահը մյունխենյան ելույթում Արևմուտքին պատվիրում է՝ չշեղվել ստանձնած ու բանակցած հանձնառություններից, Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքներից, որոնք մեկ միասնական ընդհանրություն են, և չի կարելի դրանցից որևէ մեկը տարանջատել կամ հակադրել մյուսներին: Իսկ դրանք միջազգային իրավունքի երեք սկզբունքներն են` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։

Մյունխենյան համաժողովում խոսելով աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում գտնվող Հայաստանի մասին, ՀՀ երրորդ նախագահը կատարում է մի կարևոր շեշտադրում՝ կարևորելով համագործակցությունն ու շահերի համադրումը: Լինելով պետականամետ գործիչ՝ նա առաջ էր մղում մարտահրավերները՝ լավ հնարավորության վերածելու գաղափարը․ «Հայաստանի և շատ այլ երկրների համար աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում հայտնվելը և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն։ Երբ այդ կենտրոնները գտնվում են հակադրության մեջ, փոքր պետությունների շահերը երբեմն անտեսվում են: Ուստի, մեր խնդիրն է մշտապես մարտահրավերները վերածել հնարավորության՝ համագործակցության և շահերի համադրման միջոցով»։ Այս տեսանկյունից նախագահ Սարգսյանի քաղաքականության մեջ առանձնահատուկ էր ԵԱՏՄ անդամակցմամբ ԵՄ-ի հետ սերտ համագործակությունը: Շահագրգռելով տարածաշրջանային խաղացողներին` Սարգսյան ասում է. «Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Հայաստանի միջոցով ընդլայնել գործարար կապերը այս երկու ինտեգրացիոն կառույցների միջև»: Սերժ Սարգսյանը խելամտորեն առաջ էր մղում այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե «Ռուսաստանը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը ինչպես կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության»: Նա գերտերություններին առաջարկում էր ազնիվ «գործարք»` Արցախի շուրջ գնալ ոչ թե շահերի բախման, այլ հակառակը` սեփական շահերի համադրման:

Մինչդեռ Փաշինյանն ու իր ուսապարկերը Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման թատերաբեմ: Մեծն Թումանյանի խոսքով ասած` դարձել ենք` «ոտքի կոխան ամենքին»:

Խոսելով Եվրոպական միության կարևոր դերի մասին, Սերժ Սարգսյանը Մյունխենի ելույթում վերհիշեցնում է ԵՄ հանձնառությունը՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ ջանքերին ու առաջարկություններին: Այդկերպ նախագահը ցույց էր տալիս, որ ԵՄ գործառույթներն ավելին չեն կարող լինել, քան Մինսկի խմբին աջակցելը:

Մինչդեռ այսօր ԵՄ-ն իր վրա է վերցրել Մինսկի խմբի դերը և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերով հակամարտության լուծումը ընթանում է բացառապես ադրբեջանանպաստ ուղղությամբ: Փաշինյանի վարչախումբն իր հակահայկական քաղաքականությամբ ԵՄ-ի համար բացել է հնարավորությունների լայն դաշտը` ԵՄ-Ադրբեջանի տնտեսական հարցերը լուծել՝ ի հաշիվ Արցախի ու Հայաստանի:

Նախագահ Սարգսյանի օրոք Հայաստանն իր օրակարգն էր առաջարկում գերտերություններին, և դա ընկալելի էր նրանց համար, արժանանում էր նրանց հավանությանը: Այս ամենը հետևանք էր Երևանի արժանապատիվ, պետականանպաստ քաղաքականության։ Հայաստանն աշխարհին ներկայանում էր որպես հաղթանակած պետություն` ունենալով իր գործուն դերը տարածաշրջանային զարգացումներում։ Այսօր ճիշտ հակառակ իրավիճակ է։ Տարածաշրջանային խաղացողների ձեռքում Հայաստանը վերածվել է մանրադրամի, բանակցություններում բացակայում է հայկական օրակարգը, իսկ հնչող հայտարարությունները միայն ադրբեջանանպաստ են, Բաքվի դիրքերն ամրապնդող:

Հերթական ձախողված ու հակաարցախյան հայտարարությունը օրերս հնչեց Բրյուսելից` Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցություններից հետո: Բրյուսելն այսօր դարձել է հակահայկական, հակաարցախյան հարթակ, որտեղ ամեն բանակցությունից հետո վերահաստատվում է Ադրբեջանի օրակարգը։ Հուլիսի 15-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությամբ արձանագրվեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախով ներառյալ: Սրանով Արևմուտքը վերջնականորեն կանաչ լույս վառեց Բաքվի` Արցախն արագությամբ կլանելու քաղաքականության առաջ:

Այս ընթացքը Նիկոլ Փաշինյանի հայադավ գործողության հետևանք է։

2018-ին Հայաստանը «թավիշացավ»։ Սկսվեց հայոց գահավիժումը։ Այն շարունակվում է առ այսօր:

Կարինե Գևորգյան