Ղրիմի կամրջի միջադեպն Ուկրաինայի ռազմածովային ուժերի և անվտանգության ծառայության հատուկ գործողությունն էր. ՌԲԿ «Ուկրաինա»

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառն ուկրաինական իշխանությունների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումն է. այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը:

«Այս գիշեր Կիևի ահաբեկչական ռեժիմը նոր հանցագործություն է իրականացրել՝ հարձակվել է Ղրիմի կամրջի վրա։ Կիևը չէր կարող չիմանալ, որ կամրջի ավտոմոբիլային հատվածը բացառապես քաղաքացիական օբյեկտ է», – գրել է Կոնստանտինովը թելեգրամյան ալիքում:

Կոնստանտինովը պարզաբանել է, որ կամրջի երկաթուղին չի վնասվել, Ղրիմը Ռուսաստանի հետ կապված է հյուսիսային միջանցքով, կա նաև լաստանավային ծառայության հնարավորություն, ուստի Ղրիմը մեկուսացված չէ։

Մինչդեռ Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրները ՌԲԿ«Ուկրաինա»-ին հայտնել են, որ Ղրիմի կամրջի վրա գիշերային հարձակումը Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի և Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողությունն էր։

«Կամուրջը հարձակման է ենթարկվել անօդաչուների օգնությամբ, կամրջին հասնելը դժվար է եղել, բայց ի վերջո դա հաջողվել է»,- ասել է աղբյուրը։

Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը մեկնաբանել է Ղրիմի կամրջի միջադեպը՝ մեջբերելով հետախուզության պետ Կիրիլ Բուդանովի խոսքերը, թե «այս շինությունն ավելորդ է»։

Այս գիշեր Ղրիմի իշխանությունները հայտնել են Ղրիմի կամրջի 145-րդ հենակետի տարածքում «արտակարգ իրավիճակի» և կամրջի, ինչպես նաև լաստանավի անցման հատվածում երթևեկության դադարեցման մասին, միջադեպի մանրամասները դեռևս չեն հաղորդվել: