Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ չեզոք երկրից վերածվում է ոչ բարեկամական, ավելի ճիշտ, թշնամական երկրի. 2

Թեև միշտ էլ թշնամի է եղել, պարզապես՝ ծպտյալ

 

Սկիզբը` այստեղ

 

Ինչ –որ մի պահից Էրդողանը հավանաբար համարել է, որ այս պատերազմում Ռուսաստանը պարտվելու է, և որոշել է անցնել կշեռքի ծանր նժարի կողմը, ինչն էլ լինելու է ճակատագրական սխալ ոչ միայն իր, այլև Թուրքիայի համար: Իրադարձությունների հետագա զարգացումը կարող է հանգեցնել նույնիսկ նրան, որ հույն ուղղափառ եկեղեցու 20-րդ դարի սրբերից Պաիսիոս Աթոսացու մարգարեությունը` Ռուսաստանի և Թուրքիայի միջև նոր պատերազմի վերաբերյալ, դառնա իրականություն:

Վերլուծականի նախորդած մասում արդեն ներկայացրել ենք ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարևի խոսքը Թուրքիայի առնչությամբ.

«Ռուսական կողմը և երկար համբերող է, և գթասիրտ, բայց նաև հասկանում է, թե ովքեր են իսկական թշնամիներն ու ընկերները,- ТАСС ին ասել է  Բոնդարևը:

Այո, Ռուսաստանը շատ լավ հասկանում է և գիտե, որ իր իսկական թշնամիների թվում նաև Թուրքիան է: Դեռ 2022թ. նոյեմբերի վերջին Անկարան գաղտագողի Կիև է ուղարկել հրետանու կողմից զրահատեխնիկա ոչնչացնելու համար նախատեսված կասետային զինամթերք: Անկարան փորձել է այդ մատակարարումները թաքցնել, բայց չի ստացվել:

Ռուսական հետախուզությունը չէր կարող այդ մասին չիմանալ, եթե նկատի ունենանք, որ այս տարվա հունվարին այդ մասին, РБК- ի փոխանցմամբ , հայտնել է նույնիսկ «Foreign Policy»-ը: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը չեն արձագանքել «Foreign Policy»-ի հարցումներին։ Թեև հետագայում Անկարան փորձեց հերքել այս տեղեկատվությունը, Մոսկվան էլ Թուրքիայի հետ իր անհրաժեշտ ու կարևոր հարաբերությունները չփչացնելու համար հանդես չեկավ հերքման հերքմամբ, սակայն ևս մեկ անգամ ավելորդ հաստատում ստացավ, որ իր իսկական թշնամիներից մեկն էլ Թուրքիան է:

Օրերս, ՆԱՏՕ- ի երկրների գագաթնաժողովից քիչ առաջ, Թուրքիան որոշեց Ռուսաստանի դեմ բաց խաղալ ու նույնիսկ որոշ կարմիր գծեր հատել, ինչին, բնականաբար, հաջորդեց ՌԴ-ի արձագանքը: Այդ կարմիր գծերից մեկը թուրքական իշխանությունների կողմից Ուկրաինային «Ազով» ազգային գումարտակի (ՌԴ-ում ճանաչված է ահաբեկչական կազմակերպություն և արգելված է) հրամանատարների հանձնում էր:

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը NEWS.ru-ին մեկնաբանելով կատարվածը, ընդգծել է, որ լուրջ քաղաքական գործիչների միջև պայմանավորվածությունները պետք է պահպանվեն։

«Դա բոլոր պայմանավորվածությունների խախտում է,- Lenta.ru-ի տեղեկացմամբ, ասել է Ջաբարովը:- Ոչ մեկին հավատալ չի կարելի»։

«Թուրքիայից Ուկրաինա «Ազովի» պարագլուխների վերադարձը ոչ այլ ինչ է, քան առկա պայմանավորվածության պայմանների ուղղակի խախտում,- «РИА Новости»– ի տեղեկացմամբ , հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:-  Ընդ որում, տվյալ դեպքում պայմանները խախտել են ինչպես Ուկրաինական, այնպես էլ թուրքական կողմերը»:

Անցած ուրբաթ Թուրքիայում հանդիպել են Ռուսաստանի բացահայտ ոխերիմ թշնամիներից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու ծպտյալ կամ ոչ այնքան ծպտյալ թշնամիներից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Կասկածից դուրս է, որ իրենց քննարկումների, բանակցությունների արդյունքում նորանոր դավեր են նյութել Ռուսաստանի դեմ, որոնց մասին հայտնի կդառնա առաջիկայում:

Արդեն իսկ հայտնի է, որ Թուրքիան ոչ միայն իր համաձայնությունն է տվել ՆԱՏՕ- ի կազմում Շվեդիայի ընդգրկվելուն, այլև հրապարակայնորեն հայտարարել է, որ կողմ է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում Ուկրաինայի ընդգրկվելուն և աջակցելու է դրան՝ պաշտպանելով Ուկրաինայի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ դեռ Հատուկ ռազմական գործողությունից առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, rusvesna.su-ի տեղեկացմամբ, հայտարարել էր, որ Անկարան անմասն չի մնա Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության հարցում:

«Մենք չենք անտեսի մեր սկզբունքները և Ուկրաինայի հետ մեր սերտ հարաբերությունները միայն այն պատճառով, որ մենք ընդարձակ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ»,- հայտարարել Էր Թուրքիայի արտգործնախարարը:

Նա հավելել էր, որ բարդ իրավիճակում Անկարան անելու է այն, ինչ պահանջում է ժամանակի ոգին և Թուրքիայի ազգային անվտանգությունը: Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ ստիպված կլինեն ծանր որոշումներ կայացնել։

 

Արթուր Հովհաննիսյան