Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ չեզոք երկրից վերածվում է ոչ բարեկամական, ավելի ճիշտ, թշնամական երկրի

Թեև միշտ էլ թշնամի է եղել, պարզապես՝ ծպտյալ

 

Թերևս շատ քչերը կարող էին հավատալ կամ պատկերացնել, որ գալու է այս օրը, բայց այն եկավ… Ռուս- թուրքական հարաբերություններում ճաքերն արդեն սկսվել են:

Ինչպես այսօր տեղեկացրել է «Коммерсантъ» – ը, ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարևը հայտարարել է, որ թուրքական իշխանությունների կողմից Ուկրաինային «Ազով» ազգային գումարտակի (ՌԴ-ում ճանաչված է ահաբեկչական կազմակերպություն և արգելված է) հրամանատարների հանձնումը վկայում է, որ Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ չեզոք երկրից վերածվում է ոչ բարեկամական երկրի: Սենատորն Անկարայի որոշումը անվանել է սադրիչ։

Ուկրաինային «Ազով»-ի հրամանատարների հանձնումը պայմանավորվածությունների խախտում է անվանել նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, և նշել, որ Ռուսաստանի իշխանություններին չի զգուշացվել նրանց պատրաստվող հանձնման մասին:

«Թուրքական իշխանությունները Կիևին են հանձնել «Ազով» ահաբեկչական կազմակերպության պարագլուխներին, որոնք պետք է փաստացի տնային կալանքի տակ մնային Թուրքիայում մինչև Հատուկ ռազմական գործողության ավարտը (դա անկյունաքարային պայմանավորվածություն էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման շրջանակներում)։ Թուրքիան դա միտումնավոր անտեսել է, բացի այդ, հանդես է եկել ՆԱՏՕ- ին Ուկրաինայի արագացված անդամակցության և Ուկրաինայում հարվածային անօդաչուների գործարանի կառուցման օգտին»,- ТАСС -ին ասել է հիշյալ կոմիտեի ղեկավարը։

Է՞, Թուրքիան պատմության ընթացքում քանի՞ անկյունաքարային պայմանավորվածություն է խախտել… Այս պետությունը գազան է, բորենի, որը պատրաստ է հարմար պահին ետևից հարձակվել կամ դաշույն խրել ցանկացածի մեջքին, հետևաբար հասկանում է միայն ուժի լեզուն:

Բոնդարևի կարծիքով, Թուրքիայի նման քայլի պատճառ է հանդիսացել ՆԱՏՕ-ի կողմից ճնշումը, ինչպես նաև հացահատիկի գործարքի փաստացի դադարեցումը, թեև, նրա համոզմամբ, «նույնիսկ հավաքական Արևմուտքի մեծ ճնշման ներքո կարելի էր պահպանել սեփական դեմքը»: Որպես օրինակ, Բոնդարևը նշել է Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանին:

«Ռուսական կողմը և երկար համբերող է, և գթասիրտ, բայց նաև հասկանում է, թե ովքեր են իսկական թշնամիներն ու ընկերները,- ասել է քաղաքական գործիչը:- Մեզ Թուրքիայի հետ կապում են բազմաթիվ քաղաքական շահեր, ընդ որում, բոլորի համար վաղուց ակնհայտ է, որ ԵՄ-ում Թուրքիային երբեք չեն վերցնի, իսկ ՆԱՏՕ- ին այն անհրաժեշտ է միայն նրա համար, որպեսզի վերահսկի Սևծովյան նեղուցները և կայունացնի (ապակայունացնի) մերձավորարևելյան տարածաշրջանը» (ընդգծումը՝ մերը):

Այստեղ Բոնդարևը սխալվել կամ էլ, հասկանալի պատճառներով, չի ցանկացել փակագծերն ամբողջությամբ բացել. Թուրքիան ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ- ին անհրաժեշտ է նաև մեր տարածաշրջանում ՌԴ-ի համար պատերազմի երկրորդ ճակատ բացելու ու Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու համար: Կարելի է ենթադրել, որ Թուրքիային շահագրգռելու և այդ, մեղմ ասած, վտանգավոր արկածախնդրության մեջ ներքաշելու համար, ԱՄՆ- ը և ՆԱՏՕ- ն նրան հուսադրում են, թե դրանով հնարավորություն կունենա իր պանթուրքական ծրագիրն իրագործելու:

Երբ Թուրքիայում վերջերս կայացած նախագահական ընտրություններում, մեղմ ասած, արևմտամետ, «Արևմուտքի մարդ» Քեմալ Քիլիչդարօղլին պարտվեց, վերընտրվեց Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, շատ քաղաքագետներ, վերլուծաբաններ ռուս- թուրքական հարաբերություններում գոնե առաջիկա տարիների համար կանխատեսեցին անամպ երկինք: Սխալվեցի՛ն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կարծում ենք, բավականաչափ ճանաչելով և թուրքին, և Էրդողանին, և Թուրքիան, այնուհանդերձ, անցած ժամանակաընթացքում հնարավոր ամեն ինչ (մի բան էլ չափից ավելին…) արեցին գազանին իրենց մոտ ու վերահսկելի պահելու համար: Նույնիսկ Թուրքիայում ԱԷԿ կառուցեցին, գազային հանգույց կառուցելու ցանկության ու մտադրության մասին հայտնեցին, Թուրքիային ռազմավարական նշանակության С- 400 զենիթահրթիռային համալիրներ վաճառեցին…

Վերոնշյալի արդյունքում Ռուսաստանը ժամանակ շահեց թե՛ Սիրիայում ու մեր տարածաշրջանում Թուրքիա- Ռուսաստան ռազմական բախումներից ու պատերազմից խուսափելու, թե՛ Թուրքիայի կողմից Ուկրաինա ռազմական տեխնիկայի, զենք- զինամթերքի մասշտաբային մատակարարումները զսպելու, թե՛ ՌԴ-ի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներին Թուրքիայի ամբողջական, լիարժեք մասնակցությունից խուսափելու առումներով:

Բայց… թուրքը մնում է թուրք, Թուրքիան՝ Թուրքիա, և, ուշ թե շուտ, այս օրը գալու էր: Ուղղակի այն սպասվածից շուտ արագ եկավ, քանի որ Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի դեմ պատերազմող ԱՄՆ-ը ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքը, չնայած իրենց կողմից Ուկրաինային տրված ահռելի ռազմական օգնությանը, ռազմի դաշտում հաջողությունների չհասան, միաժամանակ ամերիկյան դիվանագիտությունը կարողացավ ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից Թուրքիայի նախագահին համոզել, որ եկել է ՌԴ-ի դեմ գործելու պահը:

Ռուս- թուրքական հարաբերություններում իրադարձությունների զարգացմանը հետևում ենք վաղուցվանից…. Նախանշանը, որ այդ հարաբերություններում շուտով ճաքեր են ի հայտ գալու, արձանագրվեց դեռ ս. թ. հունիսի 24-ին, երբ Ռուսաստանը կանգնած էր զինված հեղաշրջման միանգամայն իրական վտանգի առջև և երկրի համար նույնիսկ պատմական առումով իսկապես ծանր ու վտանգավոր ժամանակ էր:

Այդ օրը թե նախօրեին Էրդողանը Պուտինին հաճոյանալու համար շողոքորթաբար, կեղծավորաբար հայտարարեց, թե որէև պետություն չպետք է օգտվի Ռուսաստանում ստեղծված իրավիճակից: Սակայն երբ Եվգենի Պրիգոժինի ղեկավարած «Վագների» ստորաբաժանումներին դրանից ժամեր հետո հաջողվել է կարճ ժամանակում Ռոստովից մոտենալ Մոսկվային, և իրադարձությունները ցանկացած պահի կարող էին վերաճել ներքին լայնածավալ ռազմական բախման՝ անկանխատեսելի հետևանքներով, այսինքն՝ Մոսկվայի համար բավական լուրջ վտանգ էր առաջացել, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, անշուշտ, Էրդողանի հանձնարարությամբ զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, և երկուսով քննարկել են Ռուսաստանում տիրող իրավիճակը 

Կրեմլում դժվար թե հասկացած չլինեն, թե նրանք գիշանգղերի նման ինչ են քննարկել: Թուրքիան և ԱՄՆ-ը կարծել են, առնվազն հնարավոր են համարել, թե Ռուսաստանի ծնկներն ուր որ է, կարող են ծալվել, և քննարկել են, թե համապատասխան, հարմար պահին իրենցից յուրաքանչյուրն առանձին- առանձին ու միմյանց հետ համագործակցելով, ինչ են անելու ՌԴ-ի դեմ:

Որպես Թուրքիայի կողմից գործողությունների միանգամայն հնարավոր սցենար, կարող էր լինել Էրդողանի «ֆասն» Ալիևին՝ Արցախի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսելու համար՝ դրանում սկզբում Ադրբեջանի, ապա,  անմիջապես հետո, իր (Թուրքիայի) դեմ պատերազմի մեջ ՌԴ- ին ներքաշելու, Ռուսաստանի համար մեր տարածաշրջանում երկրորդ ճակատ բացելու և նրան ռազմավարական պարտության մատնելու հաշվարկով: Լուկաշենկոյի միջնորդությունը, վերջին պահին Պուտինի և Պրիգոժինի ողջախոհությունը կանխեցին նաև նշված սցենարի իրականացումը:

 

Հոդվածի ներքևի լուսանկարում՝ «Ազով» գումարտակի հրամանատարները. Թուրքիա, Ստամբուլ, Ուկրաինա թռիչքից առաջ, 8-ը հուլիսի, 2023թ.:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան