ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին զրկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ՔՊ-ն այսօր՝ հուլիսի 11-ին, Ազգային ժողովում 62 կողմ, 1 դեմ ձայնով Թագուհի Թովմասյանին զրկեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանն ու քվեարկությանը։

Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ:

Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հիմքն այն էր, որ հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուների հարցի քննարկման ժամանակ, երբ իշխանական պատգամավորների և Էդգար Ղազարյանի միջև լեզվակռիվ է առաջացել, նա ընդմիջում չի հայտարարել և չի հորդորել Էդգար Ղազարյանին ներողություն խնդրել 2018 թվականի իշխանափոխությունը ադրբեջանա-թուրքական անվանելու համար։