Հուլիսի 11-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի

ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 11-ին արտահերթ նիստ կանցկացնի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ հավելելով, որ ԱԺ աշնանային նստաշրջանն այս տարի կմեկնարկի սեպտեմբերի 11-ին։

Նշենք, որ խորհրդարանական մշտական հանձնաժողովները նախորդ շաբաթվանից նիստեր են անցկացնում` քննարկելով արտահերթ նիստին ներկայացվելիք նախագծերը։

Մասնավորապես` ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են «2023 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին, «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձևով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերը։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էլ քննարկվել է «Երեխայի իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Հիշեցնենք` ԱԺ նախորդ արտահերթ նիստը (կառավարության առաջարկով) տեղի էր ունեցել հունիսի 13-15-ը։