Զարմանում եմ, որ բարձրացնում եք այդ հարցը՝ նմանվելով բազմաթիվ անգրագետներին․․․

Պարոն Юрий Саргсян,

Անկեղծ ասած, չէի ուզում արձագանքել ձեր այս գրառմանը, սակայն կարճատև ներքին պայքարից հետո հասկացա, որ պատասխանելն անհրաժեշտ է: Ձեր այս գրառման մեջ շարադրված սպեկուլյատիվ հարցադրումներն ու պնդումները, ցավոք, արդյունք են այն բանի, որ դեռ իշխանազավթումից առաջ /ինչպես և հետո/ նման սադրիչ հարցադրումներին հանրային տիրույթում մատչելի ձևով չի տրվել բավականաչափ կոշտ և սպառիչ պատասխան: Եվ ահա, ունենք իրավիճակ, երբ այս տեսակ հարցերը, որոնք իրականում պոպուլիստական բնույթ են կրում, բազմիցս շահարկվելուց և արհեստականորեն տիրաժավորվելուց հետո, բուն են դրել շատերի սրտերում:

Եվ այսպես, առաջին հերթին ձեզ հուզում է այն, թե ինչպես եղավ որ քրեական հոդվածով դատապարտված Փաշինյանը բանտից ելավ ժամանակից շուտ: Առնվազն անազնիվ է ձեր կողմից շահարկել «ժամանակից շուտ» եզրույթը, քանզի վստահ եմ, դուք լավ տեղյակ եք, որ 2011 թվականի մայիսի 27-ին հայտարարված է եղել համաներում, որը տարածվել է պատիժ կրող ՀՀ շուրջ 800 քաղաքացիների վրա: Այո, այն ժամանակ մամուլում շատ գրվեց, որ իշխանությունը երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը փորձեց մեղմել այս համաներմամբ: Եվ, այո, շատ հեշտ է հիմա հետ նայել և քննադատել 12 տարի առաջ տեղի ունեցածը: Անգամ 2011 թվականին, երբ ՀՀԿ-ն իշխանության էր, նախագահ Սարգսյանը չգնաց բռնապետական ճանապարհով և բարդ որոշում կայացրեց փորձել մեղմել լարվածությունը: Ինձ թույլ չեմ տա մեկնաբանել նախագահի այս որոշման շարժառիթները, ուղղակի իմ կողմից կասեմ, որ ոչ ոք չգիտի, թե ինչ կլիներ, եթե չլիներ այդ համաներումը: Այն ժամանակ ընդդիմությունը նոր հանրահավաք էր պատրաստում և չի բացառվում որ կազմակերպեին նոր, ավելի արյունալի «մարտի 1»: Երբևէ մտածե՞լ եք այդ մասին: Թե՞ միայն պոպուլիստական, մաշված մեղադրանքներ շպրտել գիտեք:

Հաջորդ երկու հարցերին կարճ կպատասխանեմ: Ինչպե՞ս եղավ որ բարձրագույն կրթություն չունեցող և բանակում չծառյած Փաշինյանը դարձավ ԱԺ պատգամավոր և խմբակցության ղեկավար: Որքան որ ինձ է հայտնի, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է և յուրաքանչյուր քաղաքացի /շատ փոքրաթիվ վերապահումներով/ կարող է ընտրել և ընտրվել: Փաշինյանն ԱԺ-ում է հայտնվել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով: Դրանից հետո պարլամենտական արկածները շարունակել է «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակով, այնպես որ Սերժ Սարգսյանին այս հարցն ուղղելը ձեր կողմից առնվազն սպեկուլյատիվ շահարկում է, իսկ իրականում՝ ԱՆԱԶՆԻՎ Է:

Դուք նենգաբար ակնարկում եք, որ նախագահ Սարգսյանը կարող էր վերահսկել ընդդիմադիր դաշինքների ընտրական ցուցակների կազմը, ստեղծելով պատրանք, որ ձեր հաջորդող մեղադրանքները հիմնավորված են: Դա էլ է ԱՆԱԶՆԻՎ:

Հա, ի դեպ, որտեղի՞ց գիտեք, որ 2018-ին նախագահ Սարգսյանն օրերով չի ընդունել իրավապահ մարմինների ոչ մի ղեկավար: Ուղղակի հետաքրքիր է:

Ինչ վերաբերվում է Կարեն Կարապետյանին զոհաբերելուն… այստեղ իհարկե Կարեն Կարապետյանը պիտի ձեզ պատասխանի, բայց վստահ եմ, ոչ մեկի մոտ չկա տպավորություն, որ Կարեն Կարապետյանը միամիտ և անփորձ մի մարդ էր, ում զոհաբերեցին: Կասկած չունեմ, Կարեն Կարապետյանն ինքն է որոշում իր ճակատագիրը: Փաստորեն, Սերժ Սարգսյանի հասցեին մեղադրանքներ շպրտելու ձեր անզուսպ մղումներին տրվելով դուք պատրաստ եք ստվեր գցել անգամ այլ քաղաքական գործիչների վրա: Չի կարելի, մի արեք:

Հիմա ամենակարևորը՝ Փաշինյանի Գյումրիից քայլելով անխոչընդոտ Երևան հասնելու բազմիցս շատերի կողմից անտեղի շահարկված, մաշված մեղադրանքի մասով:

Զարմանում եմ, որ բարձրացնում եք այդ հարցը՝ նմանվելով բազմաթիվ անգրագետներին /կամ այդպիսին ձևացողներին/, պահի տակ քաղաքական վերլուծաբան դարձածներին, 2018-ին ինքնամոռաց Սերժ մերժած, բայց հետո պատեհապաշտ կերպով «դարձի եկածներին», դիտավորյալ /ուղղակի սեփական անզորությունից ինչ-որ մեկին մեղադրելու անհագուրտ ցանկությամբ վառվողներին կամ պատվեր կատարողներին/ Սերժ Սարգսյանի վրա մեղավորությունը բարդողներին, ուղղակի այլոց հետևից առանց հասկանալու կրկնողներին…

Նախագահ Սարգսյանն ինքն է բազմիցս խոսել այդ մասին, պարզաբանել է իր քայլերը: Կարծում եմ, եթե ցանկություն ունենայիք ընկալել Սերժ Սարգսյանի խոսքերը,ապա նման բաներ չէիք գրի:

Այո, 2018-ին որոշվեց ազգի ճակատագիրը, սակայն ոչ գարնանը: Աղետալի վիճակը, որի մասին դուք գրում եք, հետևանք է 2018-ի դեկտեմբերի 8-ի ընտրությունների, երբ 800 000+ քաղաքացի ընտրեց Փաշինյանի խունտան: Այնուհետև, 2021-ի ԱԺ ընտրություններով լեգիտիմացվեցին բոլոր այն աղետները, որոնք այդ խունտան բերեց մեր հայրենիքի գլխին: Մինչդեռ, նախագահ Սարգսյանն ամեն առիթով պնդում էր, որ չի կարելի գնալ այդ արտահերթ ընտրությունների:

Իրականում, ես դեռ շատ երկար կարող եմ գրել այս հարցերի շուրջ:

Բայց եզրափակեմ գրածս այսպես.

Իմ կարծիքով, 2018-ի գունավոր իշխանազավթումը կազմակերպված էր /դրսի ուժերի կողմից, որոնք խաղում են առանց պարտվելու ռիսկերի, քանզի առանց չափազանցության հարյուրամյակների փորձ ունեն այլ երկրներում regime change կազմակերպելու/ այնպես, որ ՀՀ իշխանությունը չունենար ընդունելի այլընտրանք: Առանց ցնցումների հեռանալու այլընտրանքը լինելու էին Երևանի փողոցներում արյան գետեր բազմաթիվ քաղաքացիական զոհերով: Իշխանազավթումը կազմակերպողները շատ լավ գիտեին, որ նախագահ Սարգսյանը ոչ մի պարագայում իր իշխանությունը ավելի բարձր չի դասի, քան անգամ մեկ հայի կյանքը:

Չհամարձակվեք հիմա համեմատել այդ հնարավոր զոհերը 44-օրյաի ընթացքում զոհված 5000+ հայորդիների հետ: Ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ Փաշինյանը դիտավորյալ կանտեսի բոլոր նախազգուշացումները պատերազմի մասով և պատերազմի ընթացքում էլ կհրաժարվի իրեն արված բոլոր առաջարկներից:

Այո, Սերժ Սարգսյանը բացառիկ պետական գործիչ է և գրոսմայստեր է, այդ մասին վկայում են իր պաշտոնավարման տարիներին ունցած բանակցային հաղթանակները: Բայց ամենից առաջ Սերժ Սարգսյանը հայրենասեր հայ մարդ է: Այնպես որ, ազատվեք ձեր մաղձից, բացեք ձեր աչքերը և վերջապես հասկացեք, թե ով է հայ ժողովրդի իրական թշնամին:

Նաթալիե Սաղիյանի ֆեյսբուքյան էջից