Գործընթաց կա, արդյունք չկա․ Զախարովան Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում Մակրոնի ավանդի մասին

Մեզ զարմացնելը դժվար է, բայց նախագահ Մակրոնին դա երբեմն հաջողվում է. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հունիսի 28-ին Մարսելում տարբեր ազդեցիկ շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանն արած հայտարարությունն առ այն, որ նա Արցախի հարցով ճնշում է գործադրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ և որ Արցախի հարցում ինքը միակն է, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունի։

«Կարող եմ ասել, որ նման հայտարարություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ պարոն Մակրոնի համեստությանը զիջում է միայն նրա խիզախությունը: Չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի տված այս բնութագրերից, այն պաթոսից, որով նա խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում իր անձնական դերակատարման, ավանդի մասին: Ափսոս, նա ոչինչ չի ասել նման արգասաբեր աշխատանքի գործնական արդյունքների մասին. գործընթաց կա, արդյունք չկա: Իսկ գուցե նա այդ մասին չի ասել, որովհետև ոչ ոք երբեք այդ արդյունքները չի տեսել: Ընդ որում, ոչ ոք որևէ արդյունք չի տեսել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում Ֆրանսիայի միջնորդության հարցում, այլև մյուս միջազգային հարցերում, որոնք նախագահ Մակրոնը բազմից հանձն է առել», – ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ Մոսկվան վաղուց պատրանքներ չունի առ այն, որ Ֆրանսիան ունակ է դրական ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների լուծման հարցում:

«2022-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի սաբոտաժը, իսկ իրականում խմբի փլուզումը, այդ թվում՝ Փարիզի ջանքերով, անցած աշնանը բանաձևի ընդունումը, որը դատապարտում էր, ինչպես նրանք էին գրել, Ադրբեջանի ագրեսիան և պահանջում պատժամիջոցներ երկրի ու նրա պաշտոնյաների դեմ, Փարիզի կողմից կասկածելի մանդատով և առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին որոշումների նախաձեռնումը, այս ամենը տարածաշրջանային այս հակամարտությունում ֆրանսիական օրակարգի վառ օրինակներ են»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նա նշել է, որ այդ ցուցադրական քայլերը ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ Ռուսաստանին կարգավորման գործընթացից դուրս մղելուն և սեփական քաղաքական, նախընտրական նպատակների իրականացմանը:

«Դրանք ոչ միայն դրական արդյունք չեն ունեցել բանակցային գործընթացի վրա, այլև վարկաբեկել են Ֆրանսիայի՝ որպես միջնորդի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում», – եզրափակել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ներկա է նաև պատգամավոր Սաբրինա ԱկրեստիՌուպաշը, պատասխանելով իրեն ուղղված կոչին. «Պարոն նախագահ, մենք ակնկալում ենք ավելի հզոր նախաձեռնություն՝ գործնական և ոչ միայն բարոյական»,- Մակրոնն ասել է. «Ալիևի վրա ես ավելի շատ ճնշում եմ գործադրել և ավելի շատ ճնշում եմ գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»։