ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը կայցելի Հայաստան

Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ այցը պետք է դիտարկել հարաբերությունների կարգավորման շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների մերձեցմանն ուղղված միջոցառումների համատեքստում։ Հնարավոր են նաև եռակողմ հանդիպումներ։

Միաժամանակ, նա ողջունել է վաշինգտոնյան բանակցություններում հայ-ադրբեջանական գործընթացի առաջընթացը։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հունիսի վերջին ԱՄՆ-ում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Ռուսաստանը կապեր է պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի նպատակով։ Այդ շփումները, դիվանագետի խոսքով, շարունակվում են և քաղաքական մակարդակով, և խաղաղապահ զորախմբի գծով։ «Եվ, իհարկե, շատ բան կախված է հենց կողմերից, նրանց քաղաքական կամքից և միմյանց ընդառաջ գնալու պատրաստակամությունից։ Մենք մեր կողմից բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրում ենք»,-վստահեցրել է Զախարովան։