Ինձ զեկուցել են, որ միջազգային գործընկերները ևս պատերազմը քիչ հավանական են համարում. Փաշինյանը՝ 44-օրյայի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 44-օրյա պատերազմից առաջ մի քանի անգամ զեկուցել են, որ միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում և կոչ են անում, որ ՀՀ ԶՈՒ-ն կտրուկ գործողություններ չիրականացնի՝ պատերազմ չսադրելու համար:

«Արմեպրեսի» տեղեկացմամբ, այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ՀՀ ազգային ժողովի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում:

Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվեց՝ ռազմավարական գործընկերոջ հետ, որն ավելի մեծ հետախուզական ծառայություն ունի, քննարկվե՞լ է պատերազմի հավանականության հարցն այն ժամանակ, Հայաստանին տրամադրվե՞լ է տեղեկություն հավանական պատերազմի սկսվելու մասին:

Վարչապետն ասաց, որ այդ թեմայով ինքն անձամբ քննարկումներ չի ունեցել: «Բայց ինձ մի քանի անգամ զեկուցվել է, որ մեր միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում և կոչ են անում, որ ՀՀ ԶՈՒ-ն կտրուկ գործողություններ չիրականացնեն՝ այսպես ասած՝ չեղած տեղից պատերազմ չսադրելու համար: Եվ ես կարծում եմ, որ ԶՈՒ ԳՇ-ի ինձ տված զեկույցը նաև այս տեղեկատվության ազդեցությամբ է ձևավորվել: Ես անձամբ այդ գնահատականի հետ այդքան էլ համաձայն չէի: Իհարկե, միշտ իմ հրահանգը եղել է այն, որ պետք է բարձր զգոնություն ապահովել»,-ասաց վարչապետը:

Փաշինյանն ասաց, որ այդ համատեքստում, որպես քաղաքական ղեկավար, իր համար որոշակի խնդիր է եղել՝ բանակին հրահանգ տա՞ կոնկրետ գործողություն անելու, թե ոչ: «Որովհետև, եթե ես հրահանգ տամ, դա կարող է դառնալ այն կանխատեսված սադրիչ գործողությունը, որի արդյունքում պատերազմ կբռնկվի, բայց իմ քաղաքական հրահանգը եղել է լինել իրավիճակին համարժեք»,-վստահեցրեց վարչապետը:

Նա նաև հայտնեց, որ 2020թ հուլիսի ՊՆ-ում ողջ հրամկազմի մասնակցությամբ խորհրդակցությունում հարցրել է, թե արդյոք պլաններում կա՞ն այնպիսի ցուցիչներ, որոնց ի հայտ գալու դեպքում գնահատում են, որ հարձակում է տեղի ունենալու: Վարչապետին ասել են, որ կան այդպիսի ցուցիչներ:

«Եվ իմ հրահանգը եղել է սա՝ երբ ինդիկատորը ի հայտ կգա, բանակը պետք է գործի: Ես ասել եմ, որ նույնիսկ դրա համար առանձին քաղաքական խորհրդակցությունների անհրաժեշտություն չկա»,-ասաց Փաշինյանը: