Գլխավոր դատախազը փաստաբանի նկատմամբ բռնության փաստով քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարել է ԱԱԾ-ին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի 2023 թվականի հունիսի 22-ի որոշմամբ՝ որպես վերջին միջոց, Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ալավերդյանի ներկայացրած հանցանքի մասին հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությանը՝ պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար:

Դատախազությունից  հայտնում են, որ ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները ՀՀ գլխավոր դատախազի համակարգման ներքո են:

Հիշեցնենք, որ փաստաբան Կարեն Ալավերդյանի կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձ հանդիսացող, Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից խոշտանգում կատարելու առերևույթ դեպքի առթիվ 2023 թվականի հունիսի 8-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում): Նախաքննությունը շարունակելու համար այն ուղարկվել էր Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն:

Վերը նշված վարույթով Կարեն Ալավերդյանը ճանաչվել է տուժող, որոշում է կայացվել նրա վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, միջոցներ են ձեռնարկվել դեպքի վայրում տեսագրող սարքերի առկայությունը պարզելու և դրանք առգրավելու ուղղությամբ։

Միաժամանակ, 2023 թվականի հունիսի 7-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել էր մեկ այլ քրեական վարույթ, որի նախաքննությամբ հավաքված ապացույցների հիման վրա՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ալավերդյանին և նրա վստահորդ Գ.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը), վստահորդի եղբայր Ա.Բ.-ին և Հ.Վ.-ին ևս մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: