Էդմոն Մարուքյանի կինը նշանակվել է նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն

Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կինը՝ իրավաբան Տաթև Մատինյանը նշանակվել է նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն։ Այս մասին տեղեկանում ենք Մատինյանի ֆեյսբուքյան էջի գրառումից և դրան կից հրապարակված ռեպորտաժից։

«Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը շուտով կսկսի իր գործունեությունը՝ նպաստելով ներդրումային միջավայրի խրախուսմանը, դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացմանը»,- իր ֆեյսբուքյան էջում տեսանյութին կից հունիսի 10-ին գրել է նորանշանակ տնօրենը։

Հունիսի 9-ին ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացրել էր Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոն բացելու մասին։

ԱՆ նշել էր, որ նախարար Գրիգոր Մինասյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն այցելել են նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի շինհրապարակ, որտեղ կենտրոնի նորանշանակ տնօրեն Տաթև Մատինյանը ծանոթացրել է ընթացիկ վերանորոգման աշխատանքներին, ներկայացրել է բարեփոխումների ընթացքը, կենտրոնի բացման ժամկետները և բանակցային գործընթացը:

 

Աղբյուր՝ Tert.am