Ղազախստանի ԱԻ նախարարը զրկվել է պաշտոնից խոշոր բնական հրդեհի պատճառով

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը պաշտոնից ազատել է արտակարգ իրավիճակների նախարար Յուրի Իլյինին՝ երկրի արևելքում տեղի ունեցած զանգվածային բնական հրդեհի ֆոնին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հանրապետության արևելքում գտնվող Աբայսկի շրջանի Բաթպաևի անտառտնտեսությունում հրդեհը սկսվել է հինգշաբթի կայծակի հարվածներից հետո: Հրշեջներին չի հաջողվել օպերատիվորեն մարել կրակը, քանի որ տեղանքն անանցանելի է եղել տեխնիկայի համար։ Հրդեհի հետևանքով զոհվել է անտառտնտեսության 3 աշխատակից, ևս 11-ի որոնողական աշխատանքներ են ընթանում: Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի նախնական մակերեսը գերազանցել է 60 հազար հեկտարը։