Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա Սոչիում՝ հունիսի 7-8-ին

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 7-8-ին Սոչիում՝ առերես ձևաչափով, ԲԵԼՏԱ-ի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն կլիմայական օրակարգի շրջանակներում ԵԱՏՄ պետությունների համագործակցության միջոցառումների առաջին փաթեթի իրականացումը, ինտեգրացված տեղեկատվական համակարգի և միության թվային օրակարգի հետագա զարգացումը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջկառավարական խորհրդի անդամներին կտեղեկացնի բեռների երկաթուղային փոխադրումների թվայնացման առաջնահերթ միջոցառումների ծրագրի կատարման մոնիթորինգի արդյունքների մասին՝ մի կողմից ԵԱՏՄ-ի և նրա անդամ պետությունների, մյուս կողմից ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման շահերից ելնելով։

Միջկառավարական խորհրդի անդամները նաև կտեղեկացվեն Միության երկրներում ներպետական համաձայնեցման արդյունքների և «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի և դրան կից փաստաթղթերի փաթեթի լրամշակման մասին: Բացի այդ, կքննարկվեն էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձի անցկացման, ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության, Միության պետություններում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման հետ կապված հարցեր, այդ թվում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության հետ կապակցման շրջանակներում:

Հանձնաժողովի ներկայացուցիչները միջկառավարական խորհրդին կզեկուցեն միության երկրների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման 2023-2025 թվականների միջոցառումների ծրագրի, 2022 թվականին ԵՏՀ որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման մշտադիտարկման, անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և դրանց նկատմամբ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների հարցով հանձնաժողովի տարեկան հաշվետվության մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։