Հրատապ․ ի՞նչ է անում Արցախն ինքնափրկվելու համար (տեսանյութ)

LIVEnews.am«Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն է։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի «ձեռքբերումները», որոնք պիտի ամրագրվեն ստորագրվելիք խաղաղության պայմանագրում, մոտեցել են մի հանգրվանի, երբ Արցախն այլևս փրկագին է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 22-ի մամուլի ասուլիսում։ Պատեհ չհամարելով միջամտել Արցախի ներքին գործերին, ՀՀ վարչապետը, այնուամենայնիվ, իրեն իրավունք է վերապահել հայտարարելու, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառ․ կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի գյուղեր ու ռազմավարական ճանապարհներ։ Ինչպե՞ս այս հայտարարությունն ընդունվեց Արցախում։ Արցախի ԱԺ պատգամավորն արձանագրեց, որ Արցախն ազատագրելուց հետո երեկ առաջին անգամ թշնամի երկրի ղեկավարի բերանից լսեցինք, որ ՀՀ իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Դա շատ ցավալի էր Արցախի ժողովրդի և ՀՀ ժողովրդի համար։ Բայց դա կանխատեսելի էր։ Ավելին՝ Փաշինյանը պատահական չէր, որ սկսեց խոսել Հայաստանի՝ կադաստրի վկայական չունենալու կարգավիճակի մասին, և իր այդ հայտարարությամբ նա հայ ժողովրդին նոր զիջումների է նախապատրաստում արդեն ՀՀ ինքնիշխան տարածքից։ «Այդ կադաստրի վկայականում բազմաթիվ տարածքներ ՀՀ սուվերեն տարածքից պարզապես չեն լինելու։ Նա չի թաքցնում, որ այն ռազմավարական դիրքերը, տարածքները, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել և այն գյուղերը, որոնք նա սիրում է անվանել անկլավներ, ևս կադաստրի վկայականում չեն լինելու։ Նաև Թուրքիայի երազանքն է ի վերջո կատարում ՀՀ վարչապետը․ ՀՀ-ով անցնող ճանապարհը, որը Թուրքիան և Ադրբեջանը սիրում են անվանել «Զանգեզուրի միջանցք», ևս չի լինելու կադաստրի վկայականում»։

Անդրադառնալով Փաշինյանի ասուլիսից հետո Արցախի Հանրապետության ԱԺ տարածած հայտարարությանը՝ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ կայացրել են որոշում և առ ոչինչ է լինելու ցանկացած փատաթուղթ, որը կհակասի Արցախի ինքնորոշման միջազգային իրավունքին, ՀՀ Գերագույն խորհրդի որոշմանը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում