Դու ահաբեկիչների հովանավորն ես․ Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, մայիսի 25-ին Թվիթերում արած գրառմամբ հայտնվել է թուրքական մամուլի առաջին էջերում: Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»։

ԺՀԿ առաջնորդը Թուրքիայի նախագահ, երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)  առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների հետ համագործակցության մեջ:

«Չեմ ասում, որ դու հանդիպում ես, ասում եմ, որ դու ահաբեկիչների հովանավորն ես: Քանի որ փաստեր ես պահանջում, քեզ մարտահրավեր եմ նետում: Քո սեփական հեռուստաալիք՝ TRT-ում այս երեկո, վաղը, կամ էլ շաբաթ արի՛ ինձ հետ դեմ առ դեմ հանդիպման: Ես կապացուցե՛մ, որ դու ստորի մեկն ես, ով ահաբեկիչների հետ է համագործակցում»,- գրել է Քըլըչդարօղլուն: