Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի չերևացող եռակողմ հարաբերությունները և հեռանկարները Առաջին մաս
Առաջին մաս
Այն, ինչ տեղի է ունենում Անդրկովկասում (Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) ֆոնին), Իրանի հզորության և դերի ամրապնդումն աշխարհում, ինչպես նաև Թուրքիայի որոշակի «խորհրդավորությունը», հանգեցրին նրան, որ չնայած Հնդկաստանը և Չինաստանը մեր տարածաշրջանից հեռու են, Դելիի և Պեկինի քաղաքական քայլերի դերն ու նշանակությունը գնալով մեծանում է նաև մեր տարածաշրջանում։ Ասենք, որ Հայաստանում դեռ հստակ չեի երևում, որ տարածաշրջանում «աշխատում է» նաև Չինաստանը։ Ուղղակի հիշեցնենք, որ Չինաստանը ոչ միայն կապված է Իրանի հետ ռազմավարական դաշնակցության պայմանագրով, որը ստորագրվել է 25 տարի ժամկետով, այլև համագործակցում է Թեհրանի հետ Միջին Ասիայում, Աֆղանստանում և արդեն Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Իրաքում և Սիրիայում: Միևնույն ժամանակ, դժվար է չհասկանալ, որ Անդրկովկասում Իրանը և Չինաստանը պարզապես Աստծո կամոք են համագործակցում…
Հայաստանի բնակիչների համար առայժմ ավելի տեսանելի է, որ տարածաշրջան է «մտնում» Հնդկաստանը։ Եվ դա կապված է ընդամենը (առայժմ…) այն ժլատ հաղորդագրությունների հետ, թե Հայաստանը ինչ-որ բանակցություններ է վարում Հնդկաստանի հետ, այսինքն՝ Հնդկաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ղեկավարների հետ, քանի որ ԶԼՄ-ներում հայտնվել են միայն տեղեկություններ՝ Հնդկաստանից Երևանի գնումների մասին․ օրինակ՝ համաշխարհային շուկայում գրեթե երբեք չհիշատակված «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ), որոնք իբր «իրենց լավ են դրսևորել լեռներում» և այդպես շարունակ: Տեղեկություններ կային, որ Հայաստանը Հնդկաստանից կստանա «Սվատի» ռադիոտեղորոշիչ կայաններ (ՌԼԿ): Այս թեմայի վերաբերյալ կան տարբեր տվյալներ։ Ըստ հնդկական «The Economic Times» թերթում զետեղված «Arming Armenia: India to export missiles, rockets and ammunition» («Զինելով Հայաստանը` Հնդկաստանը կարտահանի հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք») հոդվածի՝ ընդհանուր առմամբ, Երևանը զենք գնելու վրա ծախսել է 20 մլրդ ռուփի (244,7 մլն դոլար)։ Ինչպես հայտնում է այս պարբերականը, սպառազինության մատակարարման պայմանագրերը կնքվել են 2022 թվականի սեպտեմբերի սկզբին, թե քանի «Պինակա» համալիր կստանա հայկական բանակը, հայտնի չէ։ Մատակարարման մեջ կմտնեն արդյոք հակատանկային հրթիռներ և զինամթերք, թե ոչ՝ մանրամասներ չկան։ Նշվում է, որ Հայաստանն առաջին անգամ չէ, որ զենք է գնում Հնդկաստանից, 2020 թվականին Երևանը ստացել է «Սվատի» հրետանային դիրքերի հայտնաբերման ցամաքային ռադիոտեղորոշիչ կայաններ-Swathi Weapon Locating Radar: Հնդկական 214 մմ բոլոր եղանակային «Պինակա» ՀԿՌՀ-ները նախատեսված են ինչպես կենդանի ուժի, թեթև զրահապատ տեխնիկայի և հակառակորդի ամրությունների ոչնչացման, այնպես էլ հակահետևակային և հակատանկային ականապատ պատնեշների հեռահար տեղադրման համար: Այս ՀԿՌՀ -ի մշակումը սկսվել է 1983 թվականին, 1999 թվականին այն ընդունվել է հնդկական բանակի սպառազինության մեջ։ 2018 թվականին այն արդիականացվել է՝ ձեռք բերելով մինչև 70 կմ հեռահարությամբ կարգավորվող զինամթերք օգտագործելու հնարավորություն։ Հիմնական տարբերակում հեռահարությունն ընդամենը 40 կմ էր։ Հասկանալու համար, թե որքանով են այդ ՀԿՌՀ-ները «ժամանակակից և որակյալ զենք», բավական է պարզապես դրանք համեմատել այն նմուշների հետ, որոնք առկա են Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի սպառազինության մեջ (մենք չենք խոսում նույնիսկ խոստումնալից զարգացումների մասին…):
Ինչպես է դա ընդհանրապես ստացվել, թեև մամուլում լուրեր էին շրջանառվում, թե իբր «Հնդկաստանը փորձել է Հայաստանին զենք նվիրել 44-օրյա պատերազմի թեժ պահին», այսինքն՝ 2020 թվականի աշնանը։ Ըստ երևույթին, այս «նվերի» շրջանակներում էԵրևանն ստացել չորս «Սվատի» ռադար…
Եվս մի բան․ տեղեկություններ կային, որ Հայաստանը Հնդկաստանից կգնի մինչև 45 կմ հեռահարությամբ 155 մմ քարշակվող ATAGS հաուբիցների խմբաքանակ: Խոսքը 100 համակարգերի մասին է, որոնք, իբր, զգալիորեն կամրապնդեն ՀՀ ԶՈւ հրետանին։ Բանն այն է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունների սկսվելուց հետո Հայաստանի իշխանությունները սկսել են «ակնարկել», իսկ որոշ դեպքերում բացահայտ խոսել այն մասին, որ խնդիրներ են առաջացել Ռուսաստանից զենք ձեռք բերելու գործընթացում, մասնավորապես, Մոսկվան, իբր, չի մատակարարում Հայաստանի պատվիրած զենքը։ Ընդ որում, Հայաստանի իշխանությունները ոչ մի ապացույց չեն բերել։ Դրանից հետո սկսվեցին քննարկումները, լրատվամիջոցները սկսեցին գրել Հնդկաստանից զենք ձեռք բերելու Հայաստանի ցանկությունների ու քայլերի մասին։ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չհերքեցին, այլև անուղղակիորեն հաստատեցին շրջանառվող տեղեկությունները։ Բայց 2020 թվականին Հնդկաստանից նույն «Սվատի» ռադիոտեղորոշիչ կայանի ստացումը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները շատ վաղուց են որոշում կայացրել, և հարցն այն չէ, որ զենքը գնվում է Հնդկաստանից. Հնդկաստանն այս դեպքում կարող է պարզապես «միջանկյալ օղակ» լինել ՆԱՏՕ–ի անդամ երկրներից զենքի մատակարարմանն անցնելու ճանապարհին։ Չէ՞ որ հնդկական ԶԼՄ-ներում հնդկական զենք ձեռք բերելու Հայաստանի շահագրգռվածությունը քննարկվում էր դեռ անցած տարվա ամռանը։ Եվ քննարկվող զենքի հիմնական տեսակը հնդկական անօդաչու թռչող սարքերն էին: Հարց է առաջանում՝ իսկ ինչու ոչ իրանական կամ չինական, մի՞թե «Ռուսաստանը թույլ չի տալիս»։ Իսկ գուցե՞ զենքի հարցերով Մոսկվային ու Պեկինին դիմելու «արգելքը» գալիս է հենց Արևմուտքից, կոնկրետ՝ ԱՄՆ-ից։ Իսկապես, 90-ականների վերջին և 2000-ականների սկզբին ոչ ոք չէր համարձակվում արգելել Հայաստանին զենք ստանալ Չինաստանից, նույնիսկ եթե մատակարարվեր մասնավոր ընկերությունների միջոցով։
Ընդ որում, Հայաստանն ու Հնդկաստանը ռազմական համագործակցության մասին առաջին համաձայնագիրն ստորագրել են դեռևս 2003 թվականին: Մենք չենք վերլուծի երկկողմ այցերը՝ հայ պաշտոնյաների Դելի, իսկ հնդիկ պաշտոնյաների՝ Երևան։ Մենք չենք ուզում և չենք քննադատելու կամ գովաբանելու Հնդկաստանից եկող զենքերը, մենք պարզապես մատնանշելու ենք: Մենք չենք ուզում և չենք քննադատելու կամ գովաբանելու Հնդկաստանից եկող զենքերը, մենք պարզապես մատնանշելու ենք՝ նախ, Հնդկաստանում արտադրվող զենքի ճնշող մեծամասնությունը կա՛մ Ռուսաստանի Դաշնությունում արտադրվողի անալոգային է, կա՛մ՝ ռուսական զենքի լիցենզավորված արտադրությունը, թեկուզ հնդկական անվանումների ներքո, պարզ է, որ Չինաստանի հետ հարաբերությունների լարվածության պատճառով Հնդկաստանը չինացիներից ոչինչ «չի վերցնում», չնայած պետք է ասել, որ Չինաստանն էլ է արտադրում սպառազինություն, որոնք ունեն որոշակի տոկոս «ռուսական/խորհրդային ծագում»։ Երկրորդ, եթե նույնիսկ այդպես չէ, ապա դա զենք է, որն ստեղծվել է խորհրդային/ռուսական զենքի հիման վրա, օրինակ՝ ինչպես ԿԺԴՀ-ի զենքերն են (ասենք՝ բալիստիկ հրթիռները) զարգանում այն զենքի հիման վրա, որը ԿԺԴՀ-ն ստացել է երկար տասնամյակներ ԽՍՀՄ / Ռուսաստանից։ Երրորդ, Հնդկաստանն իսկապես արտահանում է համաշխարհային զենքի մոտ 12%-ը, բայց միևնույն ժամանակ զենք է ներմուծում սեփական օգտագործման համար: Եվ օգտագործում է: Նույնիսկ սոցիալական ցանցերում կարծիք կա, որ «հնդկական զենքի որակն այնքան լավն է, որ նրանք նախընտրում են ռազմական գործողությունների համար զենք գնել Ռուսաստանից, իսկ իրենց սեփականը լավ է միայն շքերթների համար»:
Որպեսզի մեզ ոչ ոք չմեղադրի Հայաստանի կողմից Հնդկաստանից զենք գնելու հարցում չափազանց քննադատական վերաբերմունքի մեջ, մեջբերենք ռազմական մասնագետի մեկնաբանությունը։ «Հնդկաստանը Ռուսաստանից զենքի ամենամեծ գնորդն է։ Հիմա ինչ է ստացվում` Հայաստանը, շրջանցելով իր դաշնակից Ռուսաստանին, զենք է գնում Հնդկաստանից։ Դուք կարող եք Ռուսաստանից զենք գնել, պայմանականորեն ասած, 1 ռուբլով, բայց ոչ, Հնդկաստանից գնում եք 10 ռուբլով»,-2022 թվականի հուլիսի 29-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, հայկական զինված ուժերի գլխավոր ստեղծողներից, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ Հնդկաստանը կարող է ավելի էժան բան ունենալ, քան Ռուսաստանը: Բայց ընդհանուր առմամբ, ավելի էժան, քան Ռուսաստանը, վստահ է գեներալը, Հայաստանը ոչ մի երկրից զենք չի գնի: «ՀԱՊԿ համակարգով Երևանին ամեն ինչ նստում է անհամեմատ ավելի ցածր գնով ։ Այդ դեպքում ինչու բարձրանալ այնտեղ, որտեղ ավելի թանկ է»,- հարցրել է զորահրամանատարը։ Սակայն, մյուս կողմից, հիշեցրել է Տեր-Գրիգորյանցը, Մոսկվան մի քանի տարի առաջ ինքն էր Չինաստանից գնել Բազմակի արձակման հրթիռային համակարգեր։ «Եթե Հնդկաստանն ունի զենքեր, որոնք ավելի լավն են, քան ՆԱՏՕ-ն կամ ռուսականը, և դրանք համապատասխանում են պահանջվող պարամետրերին, ապա ինչու փողի առկայության դեպքում չգնեք։ Հիմա դա կոմերցիա է», – ընդգծել է նա։
Շարունակելի
Սերգեյ Շաքարյանց