Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների. ԱՄՆ պետքարտուղարություն

Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների հետ և ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները, այսօր կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Անցյալ շաբաթ քննարկումները կառուցողական էին, և մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները բարդ խնդիրների լուծման գործում զգալի առաջընթաց են գրանցել։ Երկու երկրներն էլ, ինչպես գիտեք, սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների հետ և ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները»,- ասել է Պատելը։

Ըստ Պատելի՝ լրացուցիչ բարի կամքը, ճկունությունը և փոխզիջումը թույլ կտա մոտենալ խաղաղության համաձայնագրի կնքմանը։

«Եվ մենք շարունակում ենք տրամադրել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը, քանի որ երկու երկրները շարունակում են փոխազդել՝ երկխոսությունը շարունակելու համար», – հավելել է նա:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը։