ՀԱՊԿ երկրները պետք է զարգացնեն ռազմական նշանակության արտադրանքի գիտաարտադրական կոոպերացիան. ՌԴ փոխվարչապետ

ՀԱՊԿ երկրները պետք է զարգացնեն ռազմական նշանակության արտադրանքի թողարկման գիտաարտադրական կոոպերացիան։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը կազմակերպության մասնակից երկրների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք բախվել ենք աշխարհաքաղաքական անկայունության դժվար փուլի։ Դա էլ ավելի հրատապ է դարձնում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական պոտենցիալն ինտենսիվորեն մեծացնելու խնդիրը։ Այս նպատակին հասնելու հիմնական գործիքներից մեկը ռազմական նշանակության արտադրանքի թողարկման, դրա արդիականացման և նորոգման գիտաարտադրական կոոպերացիան է»,- ասել է Մանտուրովը։

Նա նշել է, որ նիստի ժամանակ հանգամանալիորեն քննարկվել է «մեր պաշտպանական ձեռնարկությունների հետագա ինտեգրման առաջարկությունների համալիրը»։

«Այստեղ կարևոր է հաշվի առնել ազգային շահերը, չխախտել արդեն ձևավորված հավասարակշռությունը խնդիրների և մասնագիտացման բաշխման մասով, ինչպես նաև շեշտադրել սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ստանդարտացումը ՀԱՊԿ շրջանակում»,- ասել է ռուս նախարարը։