Հրդեհից զոհված զինծառայողների ծնողները բացեցին Ամիրյան փողոցը

Ազատ գյուղի զինվորական կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները, որոնք վաղ առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով բողոքի ակցիա են անցկացնում, բացեցին Ամիրյան փողոցը։

Ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի խորհրդականներից մեկը կկապվի ծնողներից Արման Բարսեղյանի հետ, ինչից հետո պարզ կդառնան հետագա անելիքները։

«Ինձ զարմացնում է այս համառությունը, թե ինչու են նախարարը և վարչապետը ձեռնպահ մնում հանդիպումից։ Քննությունն այստեղ խոչընդոտ չի կարող լինել։ Հենց իրենք այս երեք ամսում պետք է հանդիպում նախաձեռնեին, ծնողներից ներողություն խնդրեին, որ խաղաղ պայմաններում են զոհվել զինվորները»,- նշեց Նորիկյանը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության առաջ՝ Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով։ Նրանք փակեցին Տիգրան Մեծի պողոտան։ Նրանց վստահեցրին, որ պահանջը կփոխանցեն Կառավարության նիստի ավարտից հետո։ Ծնողները ժամանակավորապես բացեցին ճանապարհը։

Կառավարության նիստի ավարտից հետո Փաշինյանը հեռացավ շենքից առանց հարազատների հետ հանդիպելու։