Ազատի կացարանում հրդեհից զոհված զինվորների ծնողները փակեցին Ամիրյան փողոցը

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները այժմ փակել են Ամիրյան փողոցը՝ Հանրապետության հրապարակ տանող հատվածը։

Վաղ առավոտից զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության առաջ՝ Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով։ Նրանք փակեցին Տիգրան Մեծի պողոտան, ինչից որոշ ժամանակ անց նրանց վստահեցրին պահանջը փոխանցել Կառավարության նիստի ավարտից հետո։ Ծնողները ժամանակավորապես բացեցին ճանապարհը։

«Առ այս պահը որևէ պաշտոնական պատասխան չկա՝ հանդիպում լինելո՞ւ է, թե ոչ», – կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։

Հիշեցնենք, որ ծնողներն ապրիլի 18-ին ևս փակել էին Երևան-Սևան մայրուղին։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և խոստացել պահանջը փոխանցել վարչապետին և նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչև նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպումը։

Զոհվածների ծնողները բազմաթիվ հարցեր ունեն Փաշինյանին և Պապիկյանին, քանի որ համաձայն չեն պաշտոնական վարկածին, ըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառած կապիտանի անզգուշության հետևանքով։ Նրանք կարծում են, որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։