Արցախցի պատգամավորները Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին

Ապրիլի 14-ը ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է:

Նրա հիշատակը ոգեկոչելու նպատակով այսօր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը մի խումբ խորհրդարանականների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ Արթուր Մկրտչյանը Արցախյան շարժման առաջամարտիկներից էր: Երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, այդուհանդերձ նրա կյանքի ուղին և ճակատագիրը հավերժացան  հայոց նորագույն պատմության մեջ։

«Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում և պաշտպանում է այն»,- այս էր Արթուր Մկրտչյանի համոզմունքը: