Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է առաջադրվել

Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում ապրիլի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը՝ Նարինե Ասատրյանին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հետ հյատնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքով, մեղադրանքն առաջադրվել է ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): Խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ 47-ամյա կինը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրեւանոցը նետելով նրա ուղղությամբ։ Կինը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։ Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նիկոլ Փաշինյանն այդ վարույթով առայժմ որեւէ կարգավիճակ չունի:

Նշենք, որ Նարինե Ասատրյանն Արցախից տեղահանված է։ Նա ընտանիքի հետ 2000-ականներից վերաբնակեցվել է Բերձորում։ Ընտանիքը Բերձորից չի հեռացել մինչև նախորդ տարվա օգոստոսը, երբ Բերձորը վերջնականապես հանձնվեց ադրբեջանական վերահսկողությանը։ Նարինեն այժմ 7 երեխաների և ամուսնու հետ վարձով է բնակվում Մալիշկա գյուղում։