Ժամանակը եկել է. Արևմուտքում կոչ են արել Ուկրաինային հաշտվել տարածքների կորստի հետ

Միջազգային մակարդակով Ուկրաինայի սահմանների վերանայումը կարող է միակ ելքը լինել հակամարտությունից, որը խիստ ձգձգվել է, կարծում է իտալական Պադուայի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Տարչիզիո Գրացինին։

Financial Times-ի հոդվածում փորձագետը նշել է, որ միջազգային աշխարհակարգի հիմքում ընկած է «տարածքային ամբողջականության սրբազան սկզբունքը»:

Սակայն երկրները կարող են համաձայնել սահմանների փոփոխությանը, եթե տարածքում հանրաքվե անցկացվի միջազգային հսկողության ներքո, ընդգծել է փորձագետը։

«Ժամանակն է քննարկել Ուկրաինայի սահմանների կոնսենսուսային վերանայման հարցը: Ուկրաինայի կողմից նման վերջնական զիջումը կարող է լինել հակամարտության միակ այլընտրանքը, որն առանց այդ էլ չափազանց երկար է տևում», – ասվում է հոդվածում:

Գրացինիի կարծիքով՝ Ուկրաինայի կողմից տարածքային զիջումները կնշանակեին նրա կողմից հսկայական քաղաքական զոհաբերություն և միջազգային իրավունքից նահանջ, սակայն դա կհամապատասխանի ընդհանուր շահերին և շուտափույթ կարգավորմանը: